Պետությունը կարևորում է քաղհասարակության մասնակցությունը քաղաքականությունների մշակմանը

Armenpress 18:26, 30 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը մասնակցել է «Քաղաքացիական հասարակություն-պետական կառույցներ համագործակցություն» խորագրով քննարկմանը, որը նախաձեռնել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, աշխատանքային հանդիպման նպատակն էր նպաստել քաղաքացիական հասարակության և պետական կառույցների միջև փոխգործակցության ամրապնդմանն ու  համագործակցության խորացման համար նոր մեխանիզմների մշակմանը: Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշել է, որ քաղաքացիական հասարակությունը մեծ դեր ունի քաղաքացիների և իշխանության միջև կապի ապահովման գործում: «Պետությունը կարևորում է քաղաքացիական հասարակության մասնակցությունը ցանկացած ոլորտի քաղաքականության մշակման հարցում»,- ընդգծել է արդարադատության նախարարի տեղակալը՝ կարևորելով քաղաքացիների վստահությունը պետական կառույցների նկատմամբ և նրանց ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում:

Այդ համատեքստում, որպես լավագույն օրինակ, Սուրեն Քրմոյանը նշել է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ արդյունավետ աշխատանքը:

USAID-ի ծրագրային բաժնի տնօրեն Մերվին Էլիսը շնորհակալություն է հայտնել ներկաներին փոխգործակցության համար՝ ընդգծելով Արդարադատության նախարարության ակտիվ համագործակցությունը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ավարտին պետական կառույցների աշխատակիցները ներկայացրել են իրենց գերատեսչությունների համագործակցության փորձը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և ընդգծել՝ արդյունավետ համագործակցության գրավականը միայն կառուցողական երկխոսության և փոխադարձ վստահության մեջ է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am