Տարոն Մարգարյանը խոստացել է մինչև տարեվերջ բնակարաններով ապահովել չորրորդ կարգի վթարային շենքերի բնակիչներին

Armenpress 17:27, 30 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի չորրորդ կարգի վթարային շենքերի բնակիչները մինչև տարեվերջ կապահովվեն բնակարաններով: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Երևանի չորրորդ կարգի վթարային բազմաբնակարանային շենքերի խնդիրներն ուսումնասիրող հանձնաժողովը և աշխատանքնային խումբը Երևանում չորրորդ կարգի վթարային շենքների հետ կապված մեր համաքաղաքացիների ներկայացրած բողոքների հիմքերով կատարել էին գույքագրում: Գույքագրման ընթացքում պարզվեց, որ Երևանի չորրորդ կարգի վթարային բազմաբնակարանային շենքերի խնդրի լուծման համար անհրաժեշտ է 650 բնակարան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ընդգծեց նա`նշելով, որ 2012-2013 թվականների ընթացքում չորրորդ կարգի վթարային շենքերի բնակիչներին տրամադրվել է 200 բնակարան:

Նա նկատեց, որ 2014 թվականին այս ծրագրի իրականացման համար ՀՀ Նախագահի և կառավարության աջակցությամբ 4 միլիարդ ՀՀ դրամ գումար հատկացվեց Երևանին (համայնքային բյուջեից  լրացուցիչ 1 միլիարդ 600 միլիոն ՀՀ դրամ գումար): «Մենք 2014 թվականին ձեռնամուխ եղանք Երևանում Սիսակյան 16, Մարգարյան 45, Շինարարների 6 և 15 հասցեներով չորս բազմաբնակարանային շենքերի կառուցմանը: Այս տարի մինչև տարեվերջ ամբողջությամբ կլուծենք մնացած 450 ընտանիքի բնակարաններ տրամադրելու խնդիրը, որով փաստացի լուծելու ենք հանձնաժողովի կողմից մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ցուցակագրված չորրորդ կարգի վթարային շենքերի բնակիչներին բնակարաններով ապահովելու խնդիրը»,-շեշտեց Երևանի քաղաքապետը:

Նա հավելեց նաև, որ ներկա դրությամբ իրենք ստեղծել են հանձնաժողով, որն ուսումնասիրում է երկրորդ և երրորդ կարգի վթարային բազմաբնակարանային շենքերի խնդիրները` հաջորդ տարիներին համապատասխան ամրացումներ կատարելու համար: «Մենք բոլոր գիտենք, որ Երևանում առկա են 70-80 տարվա հնության շենքեր, որոնք ամրացման և բնակարանային ֆոնդի թարմացման կարիք ունեն: Ես հավաստիացնում եմ, որ այդ խնդիրները լինելու են Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում, և մենք մեր հետագա ծրագրերն ուղղելու ենք երկրորդ և երրորդ կարգի վթարային բազմաբնակարանային շենքերի և Երևանի բնակարանային ֆոնդի պահպանմանը»,-շեշտեց Տարոն Մարգարյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am