Երևանյան միջազգային կիթառի փառատոնի ընթացքում Ցեղասպանության տարելիցին նվիրված նոր գործ կհնչի

Armenpress 17:16, 30 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դասական կիթառի արվեստը միջազգային մակարդակի բարձրացնելու նպատակով կանցկացվի Երևանյան միջազգային կիթառի փառատոն: Հուլիսի 6-24-ն անցկացվելիք իրադարձության կազմակերպիչներն են Երևանի կիթառահարների և Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիաները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փառատոնից, այն հնարավորություն է տալիս հայ դասական կիթառահարներին ծանոթանալ մեր ժամանակների դասական կիթառի միջազգային դպրոցին:

Հայ երիտասարդ կիթառահարները հնարավորություն կունենան ունկնդրել և դասեր վերցնել այսօրվա առաջադեմ և միջազգային ճանաչում ունեցող կիթառահար-պրոֆեսորներից: Փառատոնի շրջանակներում տեղի կունենան բազմաթիվ համերգներ և վարպետության դասեր: Փառատոնի հյուրերն են  հանրաճանաչ դասական կիթառահար, միջազգային մրցույթների դափնեկիր` Դավիթ Դյակովը (Գերմանիա/Բուլղարիա), Մոսկվայի «Կիթառի վիրտուոզներ» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար, Ռուսաստանի Գնեսինի անվան երաժշտական ակադեմիայի և Մոսկվայի մշակույթի պետական համալսարանի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր՝ Արտյոմ Դերվոեդը (Ռուսաստան), հայտնի կոմպոզիտոր-կիթառահար, Նայմեգենի պետական համալսարանի պրոֆեսոր՝ Ռոլֆ Ստրավերը (Նիդերլանդներ): Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա կամերային երաժշտության տանը՝ հուլիսի 6-ին: Իրադարձության բացմանը ելույթ կունենա Երևանյան միջազգային կիթառի փառատոնի գեղարվեստական ղեկավար, Երևանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ, Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների Միջազգային Ասոցիացիայի փոխնախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր՝ Ժորա Սարգսյանը (Հայաստան/Գերմանիա) և միջազգային մրցույթների դափնեկիր՝ Դավիթ Դյակովը (Գերմանիա/Բուլղարիա):

Փառատոնի շրջանակներում տեղի կունենան բազմաթիվ միջազգային և հայկական պրեմիերաներ, այդ թվում` Ռոլֆ Ստրավերի «Stimmen der Vergangenheit» (Ձայներ անցյալից) կամերային ստեղծագործության միջազգային պրեմիերան, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am