Արտաշատցի պատանի ատլետները նվաճել են չորսական արծաթե եւ ոսկե մեդալներ

Armenpress 22:02, 29 Հունիս, 2015

ԱՐՏԱՇԱՏ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատի քաղաքային մարզադաշտում հունիսի 29-ին եզրափակվեց 2015 թվականի ատլետիկայի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցած արտաշատցի չորս մարզիկներ եւ մեկ փոխանցումավազքային թիմ զբաղեցրեցին մրցանակային տեղեր: Սաթենիկ Արամյանը 100մ արգելավազքում զբաղեցրեց երկրորդ եւ հեռացատկ մրցաձեւում՝ երրորդ հորիզանականը, Սմբատ Հախվերդյանը հեռացատկ մրցաձեւում զբաղեցրեց երկրորդ, իսկ եռացատկ մրցաձեւում` երրորդ տեղը: Սյուզի Կարապետյանը նիզակի նետում մրցաձեւում գրավեց երկրորդ տեղը, Մերի Բադալյանը գնդի հրում եւ նիզակի նետում մրցաձեւերում` երրորդ հորիզոնականը: 4 x100 պատանիների փոխանցումավազքում Արտաշատի թիմը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը` Միքայել Ղարիբյանի, Արման Կուրղինյանի, Արմեն Պետրոսյանի եւ Սմբատ Հախվերդյանի մասնակցությամբ:   «Արտաշատցի մարզիկների մրցելույթն առաջնությանը  բավարար եմ համարում, սակայն, հաշվի առնելով նրանց փորձը եւ տարիքը, այն կարող եմ գնահատել նաեւ լավ: Թեեւ չունեցանք չեմպիոն, սակայն ունեցանք չորս արծաթե եւ չորս բրոնզե մեդալակիրներ»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ընդգծեց Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն, ատլետիկայի մարզիչ Գրիգոր Սիմոնյանը: Առաջնությանը մասնակցում էին ավելի քան 300 ատլետներ Երեւանի` չորս, Գյումրիի` երկու, Վանաձորի, Արտաշատի, Կապանի եւ Արցախի մարզադպրոցներից: Երկու օր տեւած առաջնությանը աղջիկները եւ տղաները մրցեցին 44 մրցաձեւերում: Առաջնությանը հետեւեցին ավելի քան 40 մրցավարներ, Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի քարտուղար Նարինե Շահբազյանը: Գլխավոր մրցավարն էր միջազգային կարգի մրցավար Տիգրան Սիմոնյանը: Հաղթողները պարգեւատրվեցին  գավաթներով, մեդալներով եւ պատվոգրերով:

Լիլիթ Մաճկալյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am