ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներն այցելել են Արցախ

Armenpress 20:17, 29 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները հունիսի 26-28-ն այցելել էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այցի գլխավոր նպատակն էր ամրապնդել Հայաստանի և Արցախի երիտասարդների միջև կապը և հետագա համագործակցության նոր ուղիներ գտնել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն մամուլի ծառայությունից, այցի շրջանակներում երիտասարդ ՀՀԿ-ականնները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Ազատ Հայրենիք» կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչների հետ, մասնակցել ԼՂՀ Կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության նախաձեռնությամբ Ամարաս վանքի հարակից տարածքում կազմակերպված թթի փառատոնին:

Այցի եզրափակիչ օրվա ընթացքում երիտասարդները հանդիպում են ունեցել ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ, այնուհետև եղել Տիգրանակերտում և Գանձասարում:

Այցի ընթացքում երիտասարդները ձեռք են բերել նոր ընկերներ, ստացել դրական լիցքեր, ինչպես նաև ծանոթացել համագործակցության հնարավորություններին:

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Ավագյանը կարևորում է նման նախաձեռնությունների դերը արցախյան և հայաստանյան երիտասարդների միջև փոխադարձ կապերի ամրապնդման և միացյալ ուժերով խնդիրների լուծման հարցում` ընդգծելով նման հանդիպումների շարունակականության անհրաժեշտությունը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am