Վաղինակ Շուշանյանը Բաղրամյան պողոտայում մնացածներին կոչ է անում միանալ իրենց Ազատության հրապարակում

Armenpress 22:10, 28 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանը կոչ է անում Բաղրամյան պողտայում մնացած քաղաքացիներին գալ Ազատության հրապարակ և միանալ իրենց: Նախաձեռնության անդամները լքել են Բաղրամյան պողոտան և իրենց համախոհների հետ Ազատության հրապարակում շարունակում են իրենց խաղաղ նստացույցը: «Ես կոչ եմ անում բոլորին, դիմեք ձեր ընկերներին, հարազատներին, ասեք, որ միանան մեզ: Մեր ցույցն ի սկզբանե խաղաղ է եղել և այդպես էլ շարունակվելու է: Սակայն դուք տեսաք՝ այնտեղ ինչ կատարվեց: Սադրիչները ոտքի կանգնեցին և փորձում են քաղաքականացնել այս ակցիան: Ես հիմա ինձ շատ վատ եմ զգում, որովհետև այնտեղ մնացել են իմ քույրերն ու եղբայրները, որոնց համար ես պատասխանատվություն եմ կրում: Ես չեմ ուզում, որ արյուն թափվի, խնդրում եմ, դիմեք ձեր ընկերներին, հարազատներին և ծանոթներին, ասեք թող մեզ միանան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Շուշանյանը:

Նա հավաքվածներին վստահեցրեց, որ իրենց պայքարը չի ավարտվել: «Մենք շարունակում ենք մեր պայքարը, մնալու ենք Ազատության հրապարակում, այն վերածելու ենք վրանային ավանի այնքան ժամանակ, քանի դեռ մեր պահանջները չեն կատարվել»,- նշեց Շուշանյանը:

Նա ընդգծեց, որ Բաղրամյան պողոտայում մնալը կարող է ցավալի հետևանքներ ունենալ:

Բաղրամյան պողոտայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Պատգամավորներ, մտավորականներ, դերասաններ կենդանի պատ են կազմել ոստիկանների և ցուցարարների միջև: Դերասան Հովհաննես Ազոյանը մինչ պատ կազմելը կոչ արեց բոլոր քաղաքացիներին ազատել ոստիկանների և ցուցարարների միջև առկա տարածքը, որպեսզի իրենք կարողանան պատը կազմել: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել է, որ Բաղրամյան պողոտայում մնացողները մաքրվելու են, իսկ օրինազանցություններ թույլ տվողները խիստ պատժվելու են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am