Սերբիան առավելագույն ջանքերը կգործադրի ԼՂ հիմնախնդրի հաջող կարգավորման համար. Իվիցա Դաչիչ

Armenpress 13:31, 3 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԵԱՀԿ-ն շահագրգռված է կայունություն պահպանել այս տարածաշրջանում և ամրապնդել փոխվստահությունը տարածաշրջանի դերակատարների միջև:

«Արմենպրես»-ի փոխանցմամբˋ հունիսի 3-ին Հայաստան կատարած այցի ընթացքում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ և Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը:

 ԵԱՀԿ գործող նախագահն այսօր հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, որի ընթացքում հանգամանորեն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, ինչպես նաև այդ ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

Դաչիչը վերահաստատեց  ԵԱՀԿ նախագահության անվերապահ աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: «Որպես ԵԱՀԿ գործող նախագահ ես ամբողջովին աջակցում եմ Մինսկի խմբի համանախագահներիˋ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման աշխատանքներին և այն աշխատանքին, որ կատարում է իմ հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասում: Սերբիան, որպես նախագահող երկիր, առավելագույն  ջանքերը կգործադրի հարցի հաջող կարգավորման համար»,- նշեց եվրոպացի դիվանագետը:

Նա նաև գոհունակություն հայտնեց Հայաստանի և ԵԱՀԿ միջև ձևավորված լավ հարաբերությունների առթիվ:

Արտգործնախարարների բանակցությունների ուշադրության կենտրոնում են եղել նաև ԵԱՀԿ օրակարգային խնդիրները: Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը ԵԱՀԿ-ում սերբական նախագահության առաջնությունների իրականացմանը: Քննարկվել են ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման ուղղված ԵԱՀԿ քայլերին և շեշտել Մինսկի պայմանավորվածության իրագործման անհրաժեշտությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am