Հայաստանը ողջունում է ԵՄ-ի դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում

Armenpress 18:32, 27 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիգայում Արևելյան գործընկերության գագաթնաժղովի շրջանակներում ընդունված համատեղ հռչակագրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ձևակերպումը  կոնսոլիդացված մոտեցում է առ այն, որ ԵՄ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և տեսնում է հարցի կարգավորումը՝ հիմնված նրանց հայտարարությունների հիման վրա: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի հարցին: «Եվրամիությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ նման ձևակերպումներով հանդես է եկել նաև նախկինում, և հույս ունենք, որ այս ձևակերպումը տեղ կգտնի նաև ապագա բոլոր հիմնարար փաստաթղթերում և գագաթնաժողովների հռչակագրերում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց փոխնախարարը:

Նա հավելեց, որ Եվրամիությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ներգրավված է նաև Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի միջոցով: «Հայտնի է, որ նրա նշամակման առաջին օրվանից Հայաստանը ողջունել է այդ նշանակումը, և մենք բարձր ենք գնահատում Եվրամիության կողմից տարբեր առիթներով Մինսկի խմբի համանախագահների ջանքերի ուղղությամբ արտահայտած աջակցությանը, որն ուղղված է հիմնահարցի խաղաղ կարգավորմանը: Սա է եղել մեր պաշտոնական մոտեցումը և մնում  է այդպիսին»,- շեշտեց Կարեն Նազարյանը:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am