Տեխասում եւ Օկլահոմայում փոթորիկներից ու հեղեղումներից զոհվածների թիվը հասել է 16-ի

Armenpress 10:10, 27 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Տեխասի եւ Օկլահոմայի նահանգներում փոթորիկներից, հեղեղումներից ու տոռնադոներից զոհվածների թիվը վերջին հինգ օրվա ընթացքում հասել է 16-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 26-ին հաղորդել է Associated Press-ը:

Գործակալության տվյալներով՝ ինը մարդ զոհվել է Տեխասում, յոթը՝ Օկլահոմայում: Անհայտ կորած է համարվում 42 մարդ: Նրանցից ութը գտնվում էին այն տանը, որը քշել-տարել են վարարած գետի ջրերը:

Ինչպես ավելի վաղ հայտնել են Տեխասի իշխանությունների ներկայացուցիչները, ընդհանուր առմամբ նահանգում տարերային աղետի հետեւանքով ավերվել է շուրջ 70 տուն, 1,4 հազար շենքեր ու տնտեսական կառույցներ վնասվածքներ են ստացել: Հյուսթոնում առանց լույսի է մնացել շուրջ 80 հազար մարդ: Բացի այդ, ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, գետերի մակարդակի բարձրանալու պատճառով ջրի տակ են հայտնվել մի քանի կարեւոր ավտոճանապարհներ: Տարերային աղետների պատճառով շուրջ 2,5 հազար ավտոմեքենաներ դրանց տերերի կողմից թողնվել են ճանապարհներին:

 

Լուսանկարը` nydailynews.com



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am