Զվարթնոցի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Armenpress 16:36, 26 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Զվարթնոց թաղամասում գործող գազալցակայանում անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքներ կատարելու դեպքի առթիվ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2015 թվականի մայիսի 26-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց թաղամասում գործող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Երևան-Էջմիածին ավտոճանապարհի 16-րդ կմ-ի աջակողմյան հատվածում՝ Զվարթնոց թաղամասում գործող գազալցակայանում, ժամը 09։30-ի սահմաններում, անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքներ կատարելիս, տեղի է ունեցել գազի արտահոսք, ինչն առաջացրել է պայթյուն։

Բռնկված հրդեհի հետևանքով գազալցակայանում գտնվող Արմեն Ռաֆիկի Հակոբյանը, Արմեն Հակոբի Հակոբյանը և Արթուր Գասպարյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, այրվածքներ և տեղափոխվել Երևան քաղաքի «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն»։ Վնասվել է նաև գազալցակայանի մոտակայքում կայանված «Ֆոլցվագեն Տուարեգ» ավտոմեքենան:

Նախապատրաստված նյութերով Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am