Հստակեցվել է պաշտպանության ոլորտում հայ-իրանական համագործակցության օրակարգը

Armenpress 12:28, 26 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 24-ից 25-ն աշխատանքային այցով գտնվում էր Իրանի Իսլամական Հանրապետությունում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի հիմնական նպատակն էր հստակեցնել պաշտպանության ոլորտում հայ-իրանական երկկողմ համագործակցության օրակարգը, նախանշել առաջիկայում իրականացվելիք միջոցառումները:

Այցի ընթացքում կայացել են պաշտպանության նախարարի առաջին տեղակալի հանդիպումները Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար, բրիգադի գեներալ Հոսեյին Դեհղանի և վերջինիս տեղակալ, բրիգադի գեներալ Ֆիրուզ Մասիհ Փուրի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին զարգացումներին առնչվող հարցեր: Դավիթ Տոնոյանը ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարին է փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարի հրավերը` Հայաստան այցելելու վերաբերյալ: Բրիգադի գեներալ Հոսեյին Դեհղանին սիրով ընդունել է Սեյրան Օհանյանի հրավերը, և խոստացել Հայաստան այցելել ընթացիկ տարում:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Մալեք-Աշթար գիտատեխնոլոգիական համալսարան, Իրանի ռազմավարական հետազոտությունների կենտրոն, ինչպես նաև «Էթկա» ընկերություն: Այցելությունների ընթացքում կայացել են հանդիպումներ ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի տեղակալ-«Մալեք Աշթար» համալսարանի ղեկավար, բրիգադի գեներալ Ռեզա Մոզաֆարի Նիայի, ռազմավարական հետազոտությունների կենտրոնի պետ, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Նասրոլլահ Քալանթարի և «Էթկա» ընկերություն ղեկավարության հետ: Հանդիպումների ժամանակ քննարկվել են ռազմական կրթության բնագավառում հայ-իրանական երկկողմ համագործակցության ընդլայնման, թիկունքային ապահովման, մասնավորապես` մատակարարումների ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություններին առնչվող հարցեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am