Արտաքին առևտրաշրջանառության նվազման հիմնական ռիսկը ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներն են. Գագիկ Խաչատրյան

Armenpress 14:42, 25 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը մտահոգություններ ունի, որ երկրի արտաքին առևտրաշրջանառության ծավալների նվազման միտումները կարող են շարունակվել: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: «Դա պայմանավորված է նրանով, որ մեր գործընկեր Ռուսաստանին նկատմամբ պատժամիջոցները շարունակվում են, իսկ դրանք մեծ դերակատարություն ունեն այդ առումով: Հիմնական ռիսկերից մեկը հենց այս հանգամանքն է: Դա նպաստում է նաև տրանսֆերտների նվազմանը, ուստի մենք չենք կարող անհանգստություններ չունենալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին` շարունակվո՞ւմ են արդյոք արտաքին առևտրաշրջանառության նվազման միտումները տարվա առաջին եռամսյակում:

Նախարարը նշեց, որ կառավարությունն այս տարվա  առաջին եռամսյակում բյուջետային մուտքերի առումով նախանշած ցուցանիշները կատարել է: «Մնացած ամիսների համար էլ մեր կանխատեսած գրաֆիկով առաջ ենք շարժվում, սակայն ունենք մտահոգություններ»,- ընդգծեց նախարարը:

Հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է, սակայն կառավարությանը հաջողվել է առաջին եռամսյակում իրականացնել բյուջեի նախատեսված մուտքերը, նախարարը ևս մեկ անգամ վստահեցրեց, որ առաջին եռամսյակում կառավարությունը կատարել է նախատեսված բյուջետային մուտքերը: «Երկրորդ եռամսյակում էլ, թեև ունենք որոշակի մտահոգություններ, սակայն առաջ ենք շարժվում մեր նախանշած գրաֆիկով»,- ասաց Գագիկ Խաչատրյանը:

Առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 945.5 միլիոն դոլար, որը 28.5%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am