Գլխավոր գանձապետը մեկնաբանում է Հայաստանի տնտեսական աճի դանդաղման պատճառները

Armenpress 11:33, 25 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցյալ տարվա  առաջին երեք եռամսյակներին Հայաստանում տնտեսական աճն արագացման միտումներ էր դրսևորել երրորդ եռամսյակում աճելով 5,3%-ով, սակայն տարեվերջին տնտեսական աճի տեմպն էապես դանդաղեց և տարեկան աճը կազմել է 3,4%: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարողական հաշվետվության ներկայացման ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: «Դա արդյունք էր արտաքին պահանջարկի աճի տեմպերի դանդաղման, փոխարժեքի արժեզրկման, Ռուսաստանից ներհոսող դրամական փոխանցումների կրճատման, տնօրինվող եկամտի աճի տեմպերի դանդաղման»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ջանջուղազյանը:

Նա հայտնեց, որ 2014 թվականին միջին գնաճը կազմել է 3.0%: Արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների անվանական շուրջ 6.9% աճ, ծախսերի գծով` 8.1% աճ: Հարկաբյուջետային քաղաքականությունը 2014 թվականի արդյունքներով ամբողջական պահանջարկի վրա թողել է ընդլայնող ազդեցություն:

Անցած տարի  գրանցվել է ՀՆԱ-ի իրական արտահայտությամբ 3.4% աճ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: «Ընդ որում, տնտեսական աճին հիմնականում նպաստել են ծառայությունների և գյուղատնտեսության ճյուղերը՝ համապատասխանաբար 2.2 և 1.5 տոկոսային կետով: Շինարարությունը 0.4 տոկոսային կետով բացասական նպաստում է ունեցել տնտեսական աճին: Արդյունաբերության նպաստումը ՀՆԱ աճին եղել է զրոյական»,- հայտարարեց Ջանջուղազյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am