«Արմենպրեսն» ու «Արցախպրեսը» ստորագրել են համագործակցության հուշագիր

Armenpress 18:40, 23 Մայիս, 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցի կոնֆերանս-դահլիճում մայիսի 23-ին «Արմենպրես» և «Արցախպրես» լրատվական գործակալությունների միջև պաշտոնապես ստորագրվել է համագործակցության հուշագիր: Ողջունելով ներկաներին՝ «Արցախպրես»-ի տնօրեն Վահրամ Պողոսյանը հակիրճ ներկայացրել է լրատվական գործակալության մեկ տարվա կատարած աշխատանքը՝ խոսելով նաև առաջիկա անելիքների ու ծրագրերի մասին։ Նա շնորհակալություն է հայտնել «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանին՝ աջակցության ու համագործակցության համար։

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանի խոսքով, գործունեության համար սահմանելով բարձր նշաձող, «Արցախպրեսը» կարողացել է հստակ քայլերով առաջ ընթանալ։ «Արցախի առաջին լրատվական գործակալության կարևոր առանձնահատկություններից մեկն էլ օբյեկտիվ լրատվության ապահովումն է, ինչի շնորհիվ գործակալության լրահոսը ընթերցվում է. այն տարաբնույթ քննարկումների առարկա է ոչ միայն Արցախում ու Երևանում, այլև արտասահմանում»,-նշել է Արամ Անանյանը։

Անդրադառնալով ստորագրված հուշագրին՝ Արամ Անանյանը նշել է, որ դրա շնորհիվ ավելի է սերտանալու և ընդլայնվելու երկու գործակալությունների միջև եղած կապը լրատվության, փորձի փոխանակման, մեթոդական աջակցության և այլ ուղղություններով։

Ներկաները, շնորհավորելով համագործակցության հուշագրի ստորագրման և «Արցախպրես»-ի մեկամյա գործունեության առիթներով, համոզմունք հայտնեցին, որ Արցախի առաջին լրատվական գործակալությունը առաջիկայում ևս կշարունակի հաստատուն քայլերով առաջ ընթանալ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am