The Guardian-ի կանխատեսմամբ «Եվրատեսիլ 2015»-ում կհաղթի «Genealogy» խումբը

Armenpress 21:23, 22 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական հեղինակավոր The Guardian թերթը հարապարակել է «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթի իր անվանակարգը՝ փորձելով կանխատեսել, թե այս տարի որ երկրի ներկայացուցիչն է հաղթելու միջազգային մրցույթում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թերթի կանխատեսումներով՝ 2015-ի հաղթողը կլինի Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը՝ իր «Face The Shadow» (թարգմանաբար` Առերեսվի՛ր ստվերին) երգով:

Առաջին տասնյակում, ըստ բրիտանական թերթի, Հայաստանին համապատասխանաբար կհետևեն Սերբիան, Շվեդիան, Ադրբեջանը, Հունաստանը, Ռուսաստանը, Հունգարիան, Բելգիան, Վրաստանը և Նորվեգիան: Իսկ ամենավերջին հինգ տեղերը, ըստ կանխատեսման, աճման կարգով կզբաղեցնեն Ֆրանսիան, Սոլվենիան, Էստոնիան, Կիպրոսը և Գերմանիան: Թերթն զգուշացնում է, որ իր առաջարկած վիճակագրական աղյուսակը հիմնված է ոչ թե երգերի որակի, այլ վերջին 12 տարիների ընթացքում յուրաքանչյուր երկրի ստացած ձայների միջին քանակի վրա:

«Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթն անցկացվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Այս տարվա համար ընտրված նշանաբանը խորհրդանշում է Եվրոպան, որը միավորում է բոլորին. մրցույթի կազմակերպիչները կարծում են, որ Եվրատեսիլի միջոցով համախմբվում են մշակույթներ, լեզուներ`կառուցելով կամուրջներ: Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 23-ին, որի ընթացքում ելույթ կունենան նաև «Մեծ հնգյակի» երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, ինչպես նաև Ավստրիան՝ որպես «Եվրատեսիլ 2014»-ի հաղթող: Հոբելյանական 60-րդ «Եվրատեսիլ»-ին մասնակցում են 40 երկիր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am