Ռիգայում մեկնարկել է «Արևելյան գործըկերության» գագաթնաժողովի պաշտոնական նիստը. ՈՒՂԻՂ

Armenpress 11:15, 22 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մեկնարկել է ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի պաշտոնական նիստը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Ռիգա է մեկնել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը մեկնարկել էր մայիսի 21-ի երեկոյան աշխատանքային ընթրիքով: Ընթրիքից առաջ գագաթնաժողովի մասնակից երկրների նախագահներին ու կառավարությունների ղեկավարներին դիմավորել և ողջունել էր Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշը:

Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ գագաթնաժողովի աշխատանքին մասնակցում են ԵՄ-ի 28 երկրների ղեկավարները եւ գործընկերության ծրագրի մասնակից վեց պետությունների ներկայացուցիչները: Միջոցառումը նախագահում է է Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, ԵՄ-ի ինստիտուտներից կլինեն նաեւ, մասնավորապես, Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը, ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, հարեւանության եւ ընդլայնման քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը եւ առեւտրի հարցերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալսթրյոմը:

Գործընկեր վեց երկրների թվում Հայաստանը ներկայացնում է նախագահ Սերժ Սարգսյանը, Վրաստանը՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Ուկրաինան՝ նախագահ Պյոտր Պորոշենկոն, Մոլդովան՝ հանրապետության ղեկավար Նիկոլայ Տիմոֆտին: Բելառուսը կներկայացնի հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը, Ադրբեջանը՝ նախագահական վարչակազմի ներկայացուցիչ Նովրուզ Մամեդովը եւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Փորձագիտական շրջանակները նշում են, որ գագաթնոժողովում, հնարավոր է, ազդարարվի ՀՀ-ԵՄ բանակցությունների մեկնարկի մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am