ԵԱՀԿ-ն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մշտադիտարկում կիրականացնի (լրացված)

Armenpress 12:32, 21 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը մշտադիտարկում կիրականացնի ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, մշտադիտարկումը տեղի կունենա մայիսի 22-ին Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի ուղղությամբ՝ Հորադիզ բնակավայրի մոտակայքում:

Հայկական կողմից մշտադիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը(Ուկրաինա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա):

Հակառակ կողմից մոնիթորինգին կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Սահմոն Թիլլերը և Պետեր Շվեդբերգը:

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am