Հիլարի Քլինթոնը մնում է դեմոկրատներից ԱՄՆ-ի նախագահի նախընտրելի թեկնածուն. The Wall Street Journal

Armenpress 12:12, 5 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին եւ երկրի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը առայժմ մնում է Դեմոկրատական կուսակցությունից 2016 թվականի ընտրություններում նախագահի նախընտրելի թեկնածուն, թեեւ «Քլինթոնների հիմնադրամի» ֆինանսավորման եւ նրա կողմից էլեկտրոնային փոստը ծառայողական նպատակներով օգտագործելու հետ կապված սկանդալները նկատելիորեն խախտել են ընտրողների վստահությունը նրա նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է The Wall Street Journal թերթը, որն իր ինտերնետ-կայքում զետեղել է հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որն անցկացվել է NBC հեռուստաընկերության հետ համատեղ:

Այդ հետազոտության համաձայն՝ ընտրարշավի առաջին յոթ շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի չափահաս այն քաղաքացիների թվաքանակը, որոնք բացասական են գնահատում Քլինթոնի հայտարարությունները, 36 տոկոսից ավելացել է մինչեւ 42 տոկոս: Ընտրողների միայն 25 տոկոսն է նրա արտահայտած հայացքներն ու կարծիքները բնութագրել՝ ազնիվ ու անկեղծ: Տակավին մեկ ամիս առաջ այդպիսիք 38 տոկոս էին: Այդուհանդերձ, Դեմոկրատական կուսակցության պոտենցիալ ընտրողների 76 տոկոսը Քլինթոնին դեմոկրատների նախընտրելի թեկնածուն է համարում առաջիկա նախագահական ընտրություններում:

Այս իրադրությունը, ինչպես նշել է հրատարակությունը, արմատապես տարբերվում է հանրապետականների ճամբարում ուժերի դասավորությունից, որտեղ ընտրությունների ներկա փուլի ֆավորիտ է համարվում ԱՄՆ-ի նախկին նախագահների որդին ու եղբայրը, Ֆլորիդայի նահանգի նահանգապետ Ջեբ Բուշը: Նրան առավել նախընտրելի թեկնածու է համարում Հանրապետական կուսակցությանն աջակցող ընտրողների միայն 23 տոկոսը: Դա, ըստ թերթի, վկայում է հանրապետականների ճամբարում ակնհայտ առաջնորդի բացակայության մասին, ինչն առայժմ շահեկան է դեմոկրատների համար:

Հարցումն անցկացվել է ապրիլի 26-ից մինչեւ 30-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am