Հակոբ Հակոբյանին ազատ են արձակել երկրից չբացակայելու ստորագրությամբ

Armenpress 11:35, 5 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգայն ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է երկրից չհեռանալու ստորագրությամբ: Այս մասին մայիսի 5-ին «Արմենպրես»-ին տեղեկացրեց հարկային պարտավորությունները չկատարելու եւ ապօրինի ձեռնարկատիրության մեջ կասկածվող Հակոբյանի փաստաբան Կարեն Սարդարյանը: Հակոբ Հակոբյանը ազատ է արձակվել երեկ՝ մայիսի 4-ին:

«Միջնորդությունը ներկայացրել ենք, որին ի պատասխան նախաքննություն վարող մարմինը ազատ արձակման որոշում է կայացրել կալանքի տակ պահելու հիմքերի վերացմամբ: Մեր հաջորդ քայլը Հակոբ Հակոբյանի բուժման ապահովումն է, քանի որ ունի վիրահատության անհրաժեշտություն», - ասաց Կարեն Սարդարյանը:

Փաստաբանը հավելեց, որ Հակոբ Հակոբյանի ազատ արձակումը ենթադրում է Հանրապետությունից դուրս չգալու պայման, որը կարող է խախտվել միայն քննիչի համապատասխան թույլատվության դեպքում:

 Հակոբյանին կալանավորելու որոշում դատարանը կայացրել էր փետրվարի 4-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am