Մշակույթի նախարարությունը կսատարի խաչքարագործության դպրոցի հիմնադրմանը

Armenpress 21:34, 28 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարությունը կսատարի խաչքարագործ Ռուբեն Նալբանդյանի՝ խաչքարագործության դպրոցի հիմնման նախաձեռնությանը: Այս մասին ապրիլի 28-ին Արմավիրի մարզի Արշալույս գյուղում գտնվող Ռուբեն Նալբանդյանի խաչքարերի արվեստանոց այցելության ժամանակ տեղեկացրեց նախարար Հասմիկ Պողոսյանը:

««Ինքնաստեղծ» պետության մեջ ապրող այս անհատը իր շուրջ ստեղծել է մի միջավայր, որում ներառված է և՜ իր ընտանիքը, և՜ շրջապատը, որոնք զբաղվում են խաչքարագործությամբ: Եվ այս ամենն արվում է շատ իմաստավորված՝ կրելով իր մեջ խաչքարի խորհուրդը, և առաջնորդվելով դրանով՝ այստեղ իրականացվում է հսկայական և դժվարագին աշխատանք», - ասաց Հասմիկ Պողոսյանը:

Մշակույթի նախարարը հավելեց, որ երկար օրերի ստեղծում պահանջող այս խաչքարերը, հաստատվելով աշխարհի տարբեր ծայրերում, վերահասատում են հայ ինքնությունը:

«Դպրոց ստեղծելու այս նախաձեռնությունը, որով վարպետ Ռուբենը հանդես եկավ, ես շատ եմ կարևորում, քանի որ այստեղ երեխաները առաջին հերթին պետք է սովորեն նկարել, ծանոթանան հայկական զարդանախշերի արվեստին, և դրանից հետո նրանք կկարողանան իրականացնել արդեն պրակտիկ աշխատանքները»,- հավելեց Հասմիկ Պողոսյանը:

Այցելության ընթացում ՀՀ Արմավիրի մարզի մշակույթի զարգացման, ինչպես նաև երկարամյա արդյունավետ գործունեության համար, 1000 խաչքարերի հեղինակ Ռուբեն Նալբանդյանը պարգևատրվեց ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am