Նորա Արմանին Երևանում հանդես կգա Ցեղասպանության տարելիցին նվիրված ներկայացման մեջ

Armenpress 20:57, 28 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում մայիսի 3-ին և 4-ին տեղի կունենա Անուշ Ասլիբեկյան-Արծրունու «Մերսեդես» ներկայացման առաջնախաղը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանի ռեժիսուրայով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի Հասարակայնության հետ կապերի բաժնից, ներկայացումը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Գլխավոր դերում հանդես կգա հանրահայտ դերասանուհի Նորա Արմանին:

«Այս թատերախաղը 40-ական թվականների վերջին սկսած ներգաղթի և հայրենադարցների մասին է։ Այս նյութի մասին շատ անդրադարձ չի եղել:Այս թատերախաղով մենք կպատմենք մի ամբողջ սերնդի մասին, որը կոտորածներից փախած, օտար ափերի մեջ էր ապաստանել, և թողելով ամեն ինչ, վերադարձավ Հայաստան ու կյանքի գնով, իր ամենաբեղուն տարիները նվիրելով՝ հայրենիքը կերտելու սրբազան գործին նպաստեց։ Առանց այդ սերնդի զոհաբերության Հայաստանը կարող էր լրջորեն վտանգված լինել»,- նշել է Նորա Արմանին:

Նա հավելել է, որ շատ զգացված է, որ Հակոբ Ղազանչյանն իրեն է վստահել ներգաղթող Զարուհու դերը։

«Ես իմ ելույթը կնվիրեմ ջարդերից վերապրած մեծ մորս հիշատակին և հայրենադարձ ազգականներիս»,- հավելել է դերասանուհին: 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am