Լևոն Արոնյանն առաջին խաղատախտակի վրա լավագույնն էր շախմատի աշխարհի առաջնությունում

Armenpress 20:20, 28 Ապրիլ, 2015

ԾԱՂԿԱՁՈՐ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորը հրաժեշտ տվեց շախմատային աշխարհի «հսկաներին». կայացավ շախմատի աշխարհի թիմային առաջնության փակման արարողությունը:

Փակման պաշտոնական արարողության ժամանակ նախ պարգևատրվեցին իրենց խաղատախտակների մոտ  լավագույն արդյունք ցույց տված շախմատիստները: Առաջին խաղատախտակի մոտ լավագույն արդյունք գրանցեց շախմատի Հայաստանի  հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը:  Երկրորդ տեղում է Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիրեն, իսկ եռյակի վերջում՝ կուբացի Լենիեր Դոմիգեսը:

Պարգևատրման պաշտոնական արարողությունը կատարեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնագահախ Սմբատ Լպուտյանը: Այսպիսով՝ շախմատի աշխարհի հոբելյանական առաջնության չեմպիոն դարձավ Չինաստանի հավաքականը՝ 15 միավորով:  Ուկրաինան երկրորդն էր՝ 12 միավորով, իսկ Հայաստանի շախմատի հավաքականը՝ երրորդը:

Այս տարվա մրցաշարը բացառիկ էր. առաջին անգամ աշխարհի թիմային առաջնությունների պատմության ընթացքում մասնակից 50 շախմատիստներից 49-ը կրում էին գրոսմայստերի կոչում: Այս ցուցանիշը եզակի է շախմատային մրցաշարերի տարեգրության մեջ: Հայաստանն այն երկիրն է, որին արդեն երկրորդ անգամն է, որ բախտ է վիճակվում կազմակերպելու աշխարհի թիմային առաջնությունը: Հայաստանը մինչ այժմ մեկ անգամ հռչակվել է աշխարհի թիմային առաջնության չեմպիոն, երեք անգամ` բրոնզե մեդալակիր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am