Կրկնակի բնապահպանական միջոցառում Կոշի մանկական վերականգնողական կենտրոնում

Armenpress 17:11, 27 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի կողմից սոցիալական կորպորատիվ պատասխանատվության շրջանակներում դեռ անցյալ տարի սկսված նախաձեռնությունը՝ Հայաստանի Հանրապետության մարզային մակապարտեզներում արևային ջրատաքացուցիչների տեղադրումը և բնապահպանական գաղափարների տարածումը, այս տարի ևս շարունակվում է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին բանկից, բանկը Կոշ գյուղում գտնվող Արմենակ և Աննա Թադևոսյանների անվան մանկական վերականգնողական կենտրոնում տեղադրել է արևային ջրատաքացուցիչներ, որոնք թույլ կտան վերականգնողական կենտրոնում ապահովել երեխաների ամենօրյա բուժական միջոցառումների ընթացքում անհրաժեշտ տաք ջրի կարիքները:

Բացի այս, արևային էլեկտրախնայող սարքերն էականորեն կնվազեցնեն կենտրոնի ծախսերը, ինչպես նաև կապահովեն առկա ռեսուրսների օգտագործման օպտիմալացումը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի և վերականգնողական կենտրոնի աշխատակիցները մանկական վերականգնողական կենտրոնի տարածքում իրականացրել են համատեղ գարնանային ծառատունկ, որի ընթացքում տնկվել է 100 ծառ:

«Մենք շարունակում ենք արևային ջրատաքացուցիչների տեղադրման գործընթացը, որը սկսել էինք դեռևս անցյալ տարի: Հասարակությանը oրինակ ծառայելու համար արևային ջրատաքացուցիչների տեղադրումը սկսել էինք մեր մասնաճյուղերից: 2014թ-ին ջրատաքացուցիչներ տեղադրեցինք 6 գյուղերի մանկապարտեզներում և նախակրթարաններում:

Այս անգամ որոշել ենք աջակցել Կոշի մանկական վերականգնողական կենտրոնին՝ գիտակցելով այստեղ բուժվող երեխաների բուժական գործընթացների համար այդքան անհրաժեշտ տաք ջրի պահանջը: Ջրատաքացուցիչները նաև թույլ կտան վերականգնողական կենտրոնին կրճատել տաք ջրի ստացման համար կատարվող ծախսերը և այդ գումարը ուղղել երեխաների այլ պահանջների բավարարմանը»,-նշել է բանկի հասարակության հետ կապերի պատասխանատու Նարեկ Ասատրյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am