Սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուրում ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Armenpress 21:52, 24 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին է միացել նաև Տավուշի սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր գյուղը: Հայ-ադրբեջանական անհանգիստ սահմանից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվող գյուղում գյուղացիների և արտերկրում բնակվող հայրենակիցների շնորհիվ բացվել է 1915 թվականի ոճրագործությունների նահատակների հիշատակման հուշակոթող:

«Արմենպրես»-ին փոխանցմամբ` միջոցառմանը ներկա են եղել ինչպես գյուղի բնակիչների մեծ մասը, այնպես էլ բազմաթիվ հյուրեր մարզից, արտերկրից, բազմաթիվ զինվորականներ: Միջոցառում էր կազմակերպվել նաև գյուղի դպրոցում, իսկ արդեն երեկոյան գյուղի ողջ բնակչության համար հիշատակի հաց է մատուցվել:

Գյուղացիները նշում են, որ սա մեծ իրադարձություն էր գյուղի համար, իսկ հուշարձանն ընդամենը քար չէ, այլ առավել զգոնություն պարտավորեցնող կոթող:

«Մեր գյուղն այսօր փորձեց մաքրել արցունքը, հերի՛ք է մենք լացենք: Մեր հարյուրամյա ցավն այսօր մեզ համար դարձավ ոգեկոչման ու վերածննդի խորհրդանիշ, այսօրվա միջոցառոմներով մենք ողջ աշխարհին ցանկացանք հասկացնել, որ մենք ապրում ենք և թուրքին չհաջողվեց իրականացնել իր ցանկությունը՝ թողնել մեկ հայ, այն էլ թանգարանում»,-ասում է Ներքին Կարմիրաղբյուր դպրոցի գյուղի փոխտնօրեն Նարա Պապյանը՝ հավելելով, որ 100 տարի առաջ տեղի ունեցած ջարդերն համախմբելու կոչ են իրենց մեջ պարունակում: «Այսօր բոլորս համախմբված էինք ու հատկապես սահմանում դա ամենակարևորն է, մենք ուրիշ տարբերակ չունենք»:

Հուշակոթողի մոտից երիտասարդները խորհրդանշական հարյուր օդապարիկ բաց կթողնեն երկինք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am