Թուրքիայի հերթական ջղաձիգ քայլը. այդ երկիրը հետ է կանչել Ավստրիայում իր դեսպանին

Armenpress 01:55, 23 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարությունից ժամեր անց Թուրքիան հետ է կանչել այդ երկրում իր դեսպանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով «Անադոլու» լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը:  

Նշվում է, որ Ավստրիայի խորհրդարանի հայտարարությունը զայրացրել է թուրքական իշխանություններին: Հավատարիմ իր գործելաոճինˋ Թուրքիան սպառնացել Ավստրիայի հետ հարաբերությունների վատթարացմամբ: Թուրքիայի դիրքորոշումը հարցի վերաբերյալ ներկայացվել է նաև Անկարայում Ավստրիայի դեսպանին, իսկ Վիեննայում Թուրքիայի դեսպան Հասան Գոգուսը հետ է կանչվել: «Ակնհայտ է, որ սա երկարատև բացասական հետք կթողնի թուրք-ավստրիական բարեկամության և հարաբերությունների վրա»,- նշվում է հաղորդագրությունում:

Ավստրիայի Հանրապետության խորհրդարանն ապրիլի 22-ին, գումարված 25-րդ նստաշրջանի 68-րդ լիագումար նիստի ընթացքում, ճանաչեց և դատապարտեց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Ելույթով հանդես եկավ Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ Դորիս Բուրեսը, ով, մասնավորապես նշեց, որ 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունում հայ մտավորականության և առաջնորդների ձերբակալմամբ սկիզբ առած տեղահանությունների և հալածանքների քաղաքականությունը ավարտվեց հայերի ցեղասպանությամբ: Ավստրիայի խորհրդարանի բոլոր` վեց խմբակցությունների ընդունած հայտարարությունը հստակ սահմանում է, որ 1915թ. հայերի հետ կատարվածը ցեղասպանություն էր, կոչ է հղում Թուրքիային` առերեսվելու պատմության հետ, ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Ավստրիան ընդունում է իր պատասխանատվությունը` Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրության և Ավստրո-Հունգարիայի դաշնակցության առումով:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am