Հայոց ցեղասպանությունը վերապրածների սերունդները ցանկանում են իրենց նախնիների ժառանգության հարատևումը. The Huffington Post

Armenpress 17:28, 22 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հեղինակավոր The Huffington Post պարբերականը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհերի և վերապրածների ժառանգների պատմությունները: Լրատվամիջոցն անդրադարձել է Ստամբուլում բնակվող Թոմասյանների ընտանիքին և նրան, թե ինչպես են նրանք հաղթահարել Հայոց ցեղասպանության արհավիրքները` ապագա սերունդներին փոխանցելով իրենց նախնիների պատմությունը:

«Մարի Թոմասյանը ծնվել է «ուրվականների» ընտանիքում: 1915 թվականին, նրա ծնունդից մի քանի տարի առաջ օսմանյան թուրքերը սիրիական անապատներ են բռնի ասքորել նրա 35 հարազատներին: Միայն մի քանիսին է հաջողվել փրկվել: Այսօր, 95 տարեկանում նա դեռ ամուր կառչում է անցյալից: Տարիքի հետ մեկդարյա հիշողությունները սկսել են մոռացվել, բայց նա դրանք փոխանցում է իր երեխաներին և թոռներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այսպես է սկսում հոդվածն ամերիկյան պարբերականը:

Չնայած Թուրքիայի պնդումներին, իբր կատարվածը ցեղասպանություն չի եղել, այլ պատերազմի հետևանք` հայերը ամեն կերպ ձգտում են իրենց նահատակների ժառանգությունը փոխանցել ապագա սերունդներին: Հայոց ցեղասպանությունը վերապարծներից շատ քչերն են դեռ կենդանի, նրանց ժառագներն անցնում են պատմության հոլովույթներով` հուսալով, որ նման կոտորածներ այլևս երբեք չեն կրկնվի:

Թոմասյանի 65-ամյա որդին` Եթվարթը, իր կյանքը նվիրել է Հայկական հարցի լուծման աշխատանքներին: 22 տարի առաջ նա հիմնել է «Արազ» տպագրատունը, որը հրատարակում է միայն հայկական գրկանություն՝ հայերեն և թուրքերեն: «Հայերին այս երկրում ճիճուներից էլ վատ էին վերաբերվում: Ինչ կարող էին մենք անել: Մենք պետք է ինքնադրսևորեինք, իսկ միակ զենքը, որ ունեինք՝ մեր գրքերը, գրականությունը, մշակույթն ու արվեստն էին,- ասել է նա` հիշելով երիտասարդ տարիները:

Եթվարթ Թոմասյանի համար ապրիլի 24-ը հնարավորություն է, որ Թուրքիան կարող է օգտագործել քայլ առաջ կատարելու և իրական զարգացում ապրելու համար: Սակայն նա մտահոգվում է, որ ժամանակ կանցնի, մինչև Թուրքիան քավի իր անցյալի մեղքերը:

«Հարյուր տարի շարունակ, թեև տառապելով, բայց մենք ապրել են մեր կյանքը: Բայց մենք ապրում ենք այս հողի վրա թափված արյամբ»,- նշել է նա:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am