Անկարայում խուճապ է. Թուրքիան Եվրոպայում տանուլ է տվել «ցեղասպանության պայքարը». «Ռադիկալ»

Armenpress 17:15, 21 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին մի քանի օր մնացած` Անկարան հայտնվել է խուճապում, քանի որ Թուրքիան Եվրոպայում տանուլ է տվել «ցեղասպանության պայքարը»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման համոզմունք է հայտնել թուրքական «Ռադիկալ» թերթի վերլուծաբան Սերքան Դեմիրթաշը` թերթում հրապարակած հադվածում վերլուծելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ակտիվացած գործընթացի պատճառով Անկարայում առաջացած իրարանցումը:

Նրա խոսքով, թեեւ Անկարան փորձում է զգացնել չտալ, սակայն, ակնհայտ է, որ խիստ անհանգստացած է Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Թուրքիային դատապարտող` միմյանց հաջորդող բանաձեւերի ընդունմամբ:

Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի երեկ հրապարակած ցավակցական ուղերձին, Ս.Դեմիրթաշն ընդգծել է, որ նրա հայտարարությունն, ըստ էության, Թուրքիայի նախկին վարչապետ, այժմյան նախագահ Թայիփ Էրդողանի անցյալ տարվա ուղերձից տարբերվում է այն բանով, որ արվել է ոչ թե ապրիլի 24-ին, այլ չորս օր առաջ:

Նշելով, որ Թուրքիայի ղեկավարությունը խիստ անհանգստացած է այն բանով, որ, հնարավոր է՝ Գերմանիան եւս ճանաչի Հայոց ցեղասպանությունը ապրիլի 24-ին Բունդեսթագ այդ մասին ներկայացված բանաձեւով եւ միանա Ցեղասպանությունը ճանաչած եվրոպական եւ մյուս երկրներին, թուրք մեկնաբանը նշել է. «Կարելի է ասել, որ Թուրքիան Եվրոպայում արդեն տանուլ է տվել «ցեղասպանության պայքարը», ինչը բացասական ազդցեություն կունենա Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցության գործընթացի վրա»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am