ԼՂՀ ԱԳ նախարարն ընդունել է «Արտույտների ագարակը» վեպի հեղինակ Անտոնիա Արսլանին
ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ապրիլի 20-ին ընդունել է Արցախ ժամանած իտալահայ հայտնի գրող-հրապարակախոս և գրականագետ, Հայոց ցեղասպանությանը նվիրված «Արտույտների ագարակը» վեպի հեղինակ Անտոնիա Արսլանին և նրան ուղեկցող, Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Շվոն Նաշ Մարշալին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարը հյուրին ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ այս համատեքստում կարևորելով Արցախի և Սփյուռքի միջև բազմաբնույթ կապերի շարունակական զարգացումն ու ամրապնդումը։
Կարեն Միրզոյանը բարձր է գնահատել Անտոնիա Արսլանի գրական և գիտական գործունեությունը, մասնավորապես, ընդգծելով նրա զգալի ներդրումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: