Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի շրջանակում բուժօգնություն է ստացել 457 քաղաքացի

Armenpress 18:20, 18 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա  հունվարից մեկնարկել է «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի սկրինինգային մասը, որն ուղղված է արյան գերճնշման, շաքարային դիաբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելմանն ու վաղ ախտորոշմանը: Այս մասին ապրիլի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: «Առաջին եռամսյակում տեղամասային պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում արդեն իրականցվել է շուրջ 4 հազար ՊԱՊ թեստի հետազոտություն և 37 հազար քաղաքացու մոտ որոշվել է արյան մեջ գլյուկոզի մակարդակը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Մուրադյանը:

Նա հայտնեց, որ սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի շրջանակում, ապրիլի 16-ի դրությամբ, բուժօգնություն է ստացել 457 քաղաքացի։ Նրանցից 430-ին կատարվել է ստենտավորման վիրահատություն, իսկ մյուսների կորոնարոանգիոգրաֆիայի արդյունքներով՝ ստենտավորման կլինիկական անհրաժեշություն չի եղել։

Ապրիլի 1-ից դեկտեմբերի 31-ը բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակում սրտի անհետաձգելի վիրահատության (ոչ դեղապատ ստենտի տեղադրում) ծրագիրն իրականացվում է 10 բուժհաստատությունում։ ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալության մշտադիտարկումները կշարունակվեն` բժշկական օգնության և սպասարկման որակի, ինչպես նաև ծրագրի արդյունավետությունը գնահատելու նպատակով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am