Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողով Մոսկվայում

Armenpress 16:48, 18 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ երկրների ինստիտուտի, Ռուսաստանի Հանրային խորհրդի ու Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ Մոսկվայի «President» հյուրանոցում ապրիլի 17-ին տեղի է ունեցել «Հանցանքն առանց վաղեմության ժամկետի. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով գիտաժողով, որին մասնակցում էին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ՌԴ Հանրային խորհրդի անդամ Կոնստանտին Զատուլինը, մոսկովյան բուհերի և գիտահետազոտական կենտրոնների մասնագետներ և հայտնի քաղաքագետներ, դիվանագետներ, լրագրողներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, գիտաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես է եկել դեսպան Եսայանը, ով, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի գործունեությանը, խոսել է իրականացված նախաձեռնությունների մասին: Դեսպանն իր խոսքում շեշտել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողովի կազմակերպման կարևորությունը` որպես Մեծ Եղեռնի վերաբերյալ գիտական զեկույցների և վերլուծությունների ներկայացման և ցեղասպանությունների կանխարգելման հարցում փորձագիտական քննարկումների ծավալման հարթակ: «Մենք շարունակելու ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված այս գործընթացը, քանի որ դա վերաբերում է մեր ազգային անվտանգությանը: Ի վերջո, որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ` մենք կրում ենք պատասխանատվություն ոչ միայն մեր ժողովրդի եկող սերունդերի առջև: Համոզված եմ, որ հայ ժողովուրդը պետք է դառնա այս պայքարի առաջամարտիկը», - նշել է դեսպան Եսայանը:

Գիտաժողովին ելույթներով հանդես եկան Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը, միջտարածաշրջանային «Հոլոքոստ» հիմնադրամի փոխնախագահ Իլյա Ալտմանն և այլոք: Գիտաժողովը շարունակվեց ռուսաստանյան հայտնի մասնագետների կողմից թեմատիկ զեկույցների ներկայացմամբ: 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am