ԻՊ-ն իր վրա է վերցրել Աֆղանստանում ահաբեկչության պատասխանատվությունը

Armenpress 12:01, 18 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Աֆղանստանի արևելքում գտնվող Ջելալաբադ քաղաքում հնչած պայթյունների պատասխանատվությունը, որոնց հետևանքով նվազագույնը 33 մարդ զոհվել է, շուրջ 100 մարդ՝ վիրավորվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», պայթյունները հնչել են շաբաթ առավոտյան Աֆղանստանի Ջելալաբադ քաղաքում: Ռումբերից մեկը պայթել է բանկի մոտակայքում, իսկ մյուսը՝ ինֆորմացիայի և մշակույթի դեպարտամենտի մոտ:

Զոհերի և վիրավորների մասին հստակ տվյալները, ինչպես նաև դեպի մանրամասները ճշտվում են: Ինչպես հաղորդել է տեղական  հիվանդանոցի պաշտոնական աղբյուրը, հիվանդանոց են տեղափոխվել տասնյակ վիրավորներ, որոնց վիճակը ծանր է գնահատվում: Բժիշկները դիմել են բնակչությանը՝ ահաբեկչության հետևանքով տուժած վիրավորներին փրկելու համար արյուն տալու խնդրանքով:

Լուսանկարը`  AP



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am