«Freedom House»-ը կոչ է անում չգնալ Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին

Armenpress 12:52, 17 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային իրավապաշտպան «Freedom House» կազմակերպությունը քննադատել է Ադրբեջանի իշխանություններին իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովին 6.5 տարվա ազատազրկման ենթարկելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Եվրասիա ծրագրի ղեկավար Սյուզան Քորքը նշել է. «Մենք դատապարտում ենք Ադրբեջանի կողմից քաղաքական նկատառումներով Ռասուլ Ջաֆարովին բանտակելը, ում ծիծաղելի մեղադրանք է առաջադրվել»: «Նրանք շինծու մեղադրանքներով հետապնդում են իրականացնում մարդու իրավունքների առաջատար պաշտպանների, ինչպես նաև հետաքննող լրագրողների նկատմամբ` ներառյալ Լեյլա Յունուսին, Ինտիգամ Ալիևին, Էմին Հուսեյնովին և Խադիջա Իսմայիլովային: Ադրբեջանի իշխանությունները, թվում է, դիտավորյալ մեղադրում են ակտիվիստներին ֆինանսական խարդախությունների մեջ, մինչդեռ Իլհամ Ալիևը, իշխանության գլխին լինելով, մեծ հարստություն է դիզել: Մենք կոչ ենք անում Եվրոպական երկրների ղեկավարներին չմասնակցել 2015 թվականի հունիսին կայանալիք Եվրոպական խաղերին` դատապարտելով Ադրբեջանի գործողությունները»,-ասված է հայտարարության մեջ:

Ըստ «Freedom House»-ի հայտարարության` Ռասուլ Ջաֆարովը «Մարդու իրավունքների ակումբի» ղեկավարն է, ձերբակալվել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին մասնակցելուց հետո: Նա կազմակերպել է ժողովրդավարության արշավ Եվրատեսիլ 2012-ի նախաշեմին, որն անցկացվում էր Բաքվում, ինչպես նաև հրավիրել է մարդկանց ուշադրությունը Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վրա եվրոպական խաղերին ընդառաջ: 2014 թվականին նորվեգական Հելսինկյան ասոցիացիան Ռասուլ Ջաֆարովին, Լեյլա Յունուսին, Անար Մամեդլիին ու Ինտիգամ Ալիևին շնորհել են Անդրեյ Սախարովի Ազատության մրցանակ:

Ադրբեջանը համարվել է ոչ ազատ «Ազատության ցուցանիշ 2015» համաշխարհային վարկանիշով, ոչ ազատ «Լրատվամիջոցների ազատության ցուցանիշ 2014»-ով, մասամբ ազատ` «Համացանցում ազատության ցուցանիշ 2014»-ով, և հավաքել է ժողովրդավարության 6.68 միավոր, որտեղ 1-7 բալանոց սանդղակով 7-ը ամենաբացասական միավորն է Անցումային հասարակությունների 2014 թվականի հետազոտությունում:

Ապրիլի 16-ին Բաքվի դատարանը որոշում է կայացրել 6,5 տարվա ազատազրկման ենթարկել հայտնի ադրբեջանցի իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովին: Դատարանը նրան մեղադրել է հարկերը վճարելուց խուսափելու, պաշտոնի չարաշահման, անօրինական ձեռներեցության, խարդախությունների մեջ: Իրավապաշտպանը հերքել է իր նկատմամբ ներկայացված բոլոր մեղադրանքները:

Նախօրեին Մեդիայի ազատության հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը քննադատել է ադրբեջանցի իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովի ազատազրկումը 6,5 տարով խիստ վերահսկողության բանտում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am