Սերժ Թանկյանն ու հույն կոմպոզիտորը նոր երաժշտություն են նվիրել հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանությանը

Armenpress 12:40, 16 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ ռոք երաժիշտ, երգահան, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը նոր երաժշտություն է գրել` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`  այս մասին ռոք երաժիշտը հայտնում է Թվիթերի իր միկրոբլոգում: «Ահա խնդրեմ «100 տարի» (100 Years) տեսանյութը, որ ես ստեղծել եմ Ջոն Փսատասի հետ` որպես հարգանքի տուրք 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակին»,- գրել է Սերժ Թանկյանը` հայերի ցեղասպանության կողքին հիշատակելով նաեւ հույների եւ ասորիների ցեղասպանությունը:

Տեսանյութը նվիրված է բոլոր նրանց, ովքեր պայքարում են 20-րդ դարի առաջին ցեղասպանության և դրան հաջորդած ցեղասպանությունների ճշմարտության, ճանաչման և արդարության համար:

Ջոն Փսատասը Նոր զելանդացի հայտնի կոմպոզիտոր է: Ազգությամբ հույն կոմպոզիտորը մեծ վայելում ունի, իսկ նրա ստեղծագործություններն ամենից հաճախ են կատարվում իր երկրում: Նա Թանկյանի  հետ համագործակցությունն անվանել է հուզական եւ նշել,  որ ստեղծագործությունը հարգանքի տուրք է հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանության 100-րդ տարեցիլին:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համար վերամիավորված System of a Down խումբը համաշխարհային շրջագայությամբ է հանդես գալիս: «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) խորագրով շրջագայությունը կշարունակվի նաև Բրազիլիայում և Արգենտինայում: Սեպտեմբերի 25-ին համերգային երեկո կանցկացվի Սան Պաուլուի Anhembi Arena-ում, իսկ սեպտեմբերի 30-ին՝ Բուենոս Այրեսի GEBA սրահում: Համերգների տոմսերը շուտով կհայտնվեն վաճառքում:

System of A Down-ը արդեն հասցրել է հանդես գալ Լոնդոնում, Քյոլնում և Լիոնում: Խմբի Wake Up The Souls շրջագայության հետագա օրերը և քաղաքներն են.

ապրիլի 16 - Բրյուսել/Բելգիա` Forest National,

ապրիլի 17- Ամստերդամ/Նիդերլանդներ` Ziggo Dome,

ապրիլի 20 - Մոսկվա/Ռուսաստան` Olympiysky,

ապրիլի 23 - Երևան/Հայաստան` Հանրապետության հրապարակ:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am