Բերքաբերում զինված անձինք չկան. ՀՀ ՊՆ-ից կոչ են անում ապատեղեկատվությանը չտրվել

Armenpress 18:42, 1 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական զինված ուժերի ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրավիճակը ողջ սահմանի երկայնքով ու խորությամբ, օդում ու ցամաքում եւ կոչ են անում  չտրվել ապատեկատավությանն ու գյուղում շրջող ուրվականների մասին պատմություններին: Սա հատված է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումից:

«Բավական է մի ապատեղեկատվություն, տեղեկատվահոգեբանական մի «փնթի» գրոհ Ադրբեջանի կողմից, և մեր որոշ լրատվամիջոցներ ու լրագրողներ նորից զոհ են դառնում: Կրկին ինչ-որ դիվերսանտներ մեր մեջ, ադրբեջանական դիրքերի ինչ-որ շարժեր, զենքով ուրվականներ և այլն: Հարգելիներս, կրկին խնդրում եմ և հորդորում զերծ մնալ նման լուրերի տեղադրումից: Էժան սենսացիաները վնասում են ձեզ և ձեր հարազատներին: Հայկական զինված ուժերի ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրավիճակը ողջ սահմանի երկայնքով ու խորությամբ, օդում ու ցամաքում»,- գրել է Հովհաննիսյանը` հերքելով շրջանառվող այն տեղեկատվությունը, թե իբր Տավուշի մարզի սահմանամերձ գյուղում զինված անձինք են շրջում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանն ասաց, որ գյուղում այս պահին իրավիճակը հանգիստ է, հայկական զինված ուժերը վերահսկում են իրավիճակը:

Մադաթյանը նաեւ հավելեց, որ չի հավատում իր համագյուղացու խոսքերին առ այն, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում երեք անգամ տեսել է զինված անծանոթ մարդու, ով գիշերը ժամը 2-ին թակել է իր տան դուռն ու ծխախոտ ուզել: «Ես չգիտեմ, թե այդ ամենը նա որտեղից է վերցրել: Նրա աչքին է երեւացել, կամ երեւի մի բան այն չէ: Այդ մարդը ընդամենը 20 օր է, որ մեր գյուղում է: Նա եկել է այստեղ կնոջ հետ, որպեսզի ապրի պապական տանը: Գյուղում լարվածություն կա: Նրա հետ խոսել է գնդապետը, ոստիկանները: Ես չգիտեմ, թե նա ինչ է տեսել, սակայն ես չեմ հավատում նրա խոսքերին, քանի որ անհնար է, որ նման բան տեղի ունենար»,- նշել է Մադաթյանը:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am