ՉԺՀ-ն ավելի շատ մահապատիժներ է իրականացնում, քան աշխարհի մնացած բոլոր երկրները. Amnesty International

Armenpress 11:22, 1 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահապատժի կիրառման ցուցանիշով 2014 թվականին աշխարհի առաջատարներ են դարձել Չինաստանը, Իրանը, Սաուդյան Արաբիան եւ ԱՄՆ-ը: Ընդսմին ՉԺՀ-ի իշխանություններն ավելի շատ դատապարտյալների են մահապատժի ենթարկում, քան աշխարհի մնացած բոլոր երկրները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Amnesty  International իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցում:

«Առնվազն 607 մարդ է 2014 թվականին մահապատժի ենթարկվել 22 երկրում: 2013 թվականի համեմատությամբ մահապատիժների թվաքանակի նվազում է դիտվում գրեթե 22 տոկոսով: Այն ժամանակ Amnesty International-ն առնվազն 778 մահապատիժ էր արձանագրել 22 երկրում»,- ասված է զեկույցում:

Դրա հետ մեկտեղ մահապատիժ կիրառող երկրների թիվը 1995 թվականի 41-ից 2014 եւ 2013 թվականներին նվազել է մինչեւ 22: Աշխարհի 140 երկիր՝ ընդհանուր թվի գրեթե երկու երրորդն, արգելել է մահապատիժը կամ մահվան դատավճիռներ չի ընդունում: Անցած տարվա ընթացքում ներում շնորհելու կամ մահավճիռը պատժի այլ տեսակով փոխարինելու որոշումներ են ընդունվել 112 մարդու նկատմամբ աշխարհի 28 երկրում:

«Մահապատժի կիրառման ցուցանիշով առաջատարներ են դարձել Չինաստանը, Իրանը, Սաուդյան Արաբիան եւ ԱՄՆ-ը: Ընդսմին Չինաստանն ավելի շատ մարդկանց է մահապատժի ենթարկում, քան աշխարհի մնացած երկրները: Սակայն Չինաստանում մահապատիժների թվաքանակի վերաբերյալ ճշգրիտ տվյալները հայտնի չեն, եւ 607 մահապատժի ենթարկվածների ընդհանուր թիվը չի ներառում նրանց, ում մահապատժի են ենթարկել Չինաստանում»,- նշում են զեկույցի հեղինակները:

Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, մահապատիժների թվաքանակի կտրուկ աճ՝ (մոտավորապես 28 տոկոսով) է տեղի ունեցել Նիգերիայում եւ Եգիպտոսում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am