Ծափաթաղում հայտնաբերվել է արձանագրություն կրող խաչքար

Armenpress 20:41, 31 Մարտ, 2015

ԳԱՎԱՌ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում գյուղնշանակության հողի հատկացման նպատակով կատարված զննության ընթացքում ի հայտ է եկել թե պատմագիտությանը, թե տեղի բնակիչներին անհայտ մի խաչքար, որը կրում է անընթեռնելի, բայց հայատառ արձանագրություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծափաթաղի գյուղապետ Թագուհի Բոյախչյանը, սա արդեն երկրորդ խաչքարն է, որ գտնվում է գյուղի տարածքում:

Գտածոն տեղական  մարմարատիպ քար է՝ քանդակված  երկու խաչերով՝ մեկը՝ մեծ, մյուսը՝ փոքր, իսկ նրանց աջակողմյան ներքեւի հատվածում կա հայկական տառեր հիշեցնող գիր: Խաչքարն ունի մոտ մեկ մետր լայնություն եւ70 սանտիմետր բարձրություն: «Խաչքարը թեքված էր՝ մի մասով խրված հողի մեջ, որտեղ եղել են գրերը: Կարծում եմ, որ հնագետներին կհաջողվի վերծանել այս նորահայտ խաչքարի վրա եղած գիրը, աշխարհին ապացուցելով, որ այստեղ անհիշելի ժամանակներից բնավորվել, ապրել եւ արարել է հայ բնակչությունը, որին  ուշ միջնադարում բնաջնջել կամ տեղահանել են թուրքալեզու բնակիչները՝ ջնջելով կամ թաղելով նաեւ հայկական մշակույթի հետքերը: Առաջին խաչքարը, որը գտնվել է գյուղի արեւելյան մասի մի բլրի վրա, զուրկ է արձանագրությունից, իսկ ահա երկրորդը շատ ավելի պարզ ու հստակ փաստ է մեզ ներկայացնում, կարելի է ասել՝ սենսացիոն հայտնագործություն: Կարծում եմ, որ դեռ նոր հայտնագործություններ կլինեն մեր գյուղի տարածքում, նոր լրջագույն բացահայտումներ, որոնք վերջ կդնեն մեր հարեւանների կողմից պատմության կեղծարարությանը»,- նշեց Թագուհի Բոյախչյանը:

Ծափաթաղ գյուղը գտնվում է Սեւանա լճի հյուսիսային ափին, Սեւանի լեռնաշղթայի փեշերին: Հնագետները գյուղի տարածքում հայտնաբերել են վաղ բրոնզեդարյան դարաշրջանի  ամրոցի հետքեր: Գյուղն ուշ միջնադարում հայաթափվել եւ վերաբնակեցվել է թուրքալեզու բնակչությամբ, որը հեռացել է 1988 թվականի նոյեմբերին: Այդ ժամանակից ի վեր Ծափաթաղը բնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթված հայերով:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am