Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է Վարշավայի ֆիլհարմոնիկը Բեթհովենի անվան Զատկի փառատոնում

Armenpress 18:59, 31 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը մարտի 29-ին Լեհաստանում՝ Լյուդվիգ վան Բեթհովենի անվան Զատկի 19-րդ փառատոնի շրջանակներում ղեկավարել է Վարշավայի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, որպես մենակատար հանդես է եկել Լետիցիա Մորենոն (ջութակ)։ Ծրագրում հնչել են Ղազարոս Սարյանի (Պասակալիա սիմֆոնիկ նվագախմբի համար), Դմիտրի Շոստակովիչի (Ջութակի կոնցերտ թիվ 1), Լյուդվիգ վան Բեթհովենի (Սիմֆոնիա թիվ 7) գործերը:

Լյուդվիգ վան Բեթհովենի անվան Զատկի փառատոնն անցկացվում է 1997 թվականից և մեծաթիվ երաժշտասերների է համախմբում Լեհաստանից և այլ երկրներից։ Փառատոնի կազմակերպիչը Լյուդվիգ վան Բեթհովենի անվան միությունն է։ Այս անգամ փառատոնն անցկացվում է մարտի 22-ից ապրիլի 3-ը։ Հրավիրված են Եվրոպայի և այլ տարածաշրջանների լավագույն նվագախմբերը։ 19 թիվը խորհրդանշական է փառատոնի համար. 19-րդ փառատոնում տեղի կունենա 19 համերգ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am