Նարեկ Գալստյանը խոսել է ՍԴՀԿ-ի առաջիկա հանրահավաքի մասին

Armenpress 16:49, 31 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա հետ կապված՝ մայիսի 1-ին Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հրավիրում է հանրահավաք: Այս մասին մարտի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը:

«Աշխատավորների միջազգային համերաշխության օրվա հետ կապված` Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հրավիրում է հանրահավաք, որտեղ լինելու են հրապարակային հայտարարություններ` կապված համակարգային փոփոխությունների և այլ հարցերի վերաբերյալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Գալստյանը:

Նա հայտնեց, որ մեկ քաղաքական ուժ արդեն հայտարարել է, որ մայիսի 1-ին մասնակցելու է ՍԴՀԿ-ի հրավիրած հանրահավաքին՝ չմանրամասնելով, թե որ քաղաքական ուժի մասին է խոսքը: Գալստյանը, սակայն, վստահություն հայտնեց, որ մինչև մայիսի 1-ը նոր քաղաքական ուժեր կհայտարարեն հանրահավաքին մասնակցելու մասին:

Մարտի 14-ին ՍԴՀԿ 128-ամյակին նվիրված հավաքի ժամանակ կուսակցության ատենապետ Նարեկ Գալստանը հայտարարել էր, որ կուսակցությունն անհապաղ անցնում է հրապարակային միջոցառումների` սեփական տեսակետները ՀՀ քաղաքացիներին հնարավորինս ներկայացնելու նպատակով: Լրագրողների հետ զրույցում նա հայտնել էր, որ ՍԴՀԿ-ն մասնակցելու է 2017թ. խորհրդարանական ընտրություններին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am