Արամ Ա Կաթողիկոսն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը

Armenpress 17:29, 30 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բազմահազար հայ մանուկներ իրենց ծնողների հետ Անթիլիասում տոնել են Ծաղկազարդի տոնը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո Կաթողիկոսության պաշտոնական կայքից: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը հանդես է եկել խոսքով. «Այսօր մենք դիմավորում ենք մեր Փրկիչի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ի՜նչ գեղեցիկ է տեսնել մեր մանուկներին իրենց ծնողների հետո, որոնք եկել են ծաղկազարդի խորհուրդով ծաղկազարդելու իրենց կյանքը»:

Անթիլիասի մայրավանքում հավաքված բազմահազար ժողովրդին ուղղված իր պատգամից հետո Նորին Սրբությունը անդրադարձել է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ նշելով, որ 100 տարի առաջ ցեղասպան թուրքը մեր նախահայրերին ու նախամայրերին է սպանել, ցանկացել է բնաջնջել հայ ժողովրդին ու Հայաստանը ջնջել աշխարհի քարտեզից, սակայն չի հաջողվել:

«Այսօր հայ ժողովուրդը պահանջատեր է, նա պահանջում է Հայոց Ցեղասպանության ճանաչումը և իր իրավունքների հատուցումը: Այս ոգով և հանձնառությամբ մենք պետք է մեր մանուկներին դաստիարակենք մեր ընտանիքներում և դպրոցներում»,- նշել է Վեհափառ Հայրապետը:

Հայրապետական պատգամից հետո Արամ Ա. Կաթողիկոսը վեհարանում ընդունել է հայ մանուկներին ու նրանց ծաղիկները: Տեղի է ունեցել աջահամբույր:

Վահեափառ Հայրապետը բոլոր մանուկներին նվերներ է բաժանել:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am