Հայ պատգամավորները մասնակցում են Մեծ հաղթանակի 70-ամյակին նվիրված «Հիշատակի էստաֆետ» ակցիային

Armenpress 17:18, 30 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանն ապրիլի 2-4-ն Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի Մեծ հաղթանակի 70-ամյակին նվիրված «Հիշատակի էստաֆետ» ակցիային մասնակցելու համար կգործուղվի Մոսկվա: Ապրիլի 4-7-ը Աստանա (Ղազախստանի Հանրապետություն) կգործուղվի ԱԺ պատգամավոր Տիգրան  Ուրիխանյանը: 

Մարտի 26-28-ը Մեծ հաղթանակի 70-ամյակին նվիրված «Հիշատակի էստաֆետ» ակցիային մասնակցելու համար Բիշքեկ (Ղրղզստանի Հանրապետություն) է գործուղվել  ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի «Հիշատակի էստաֆետ» ակցիայի պատվիրակությունը մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ այցելել է «Մայր Հայաստան» հուշահամալիր։ Նրանք ՀՀ Ազգային ժողովի եւ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի անունից ծաղկեպսակներ են դրել «Անհայտ զինվորի» շիրմին, ծաղիկներ խոնարհել հավերժական կրակի մոտ, լռությամբ հարգել 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում զոհված հայորդիների հիշատակը:

Հանդիսավոր պայմաններում անմար կրակի մասնիկը տեղափոխվել է հատուկ պարկուճի մեջ։ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի որոշմամբ՝ ապրիլի 16-ին հետխորհրդային տարածքի երկրներում գտնվող «Անհայտ զինվորի» հիշատակը հավերժացնող անմար կրակի մասնիկները կտեղափոխվեն Սանկտ Պետերբուրգ, որտեղ դրանք կմիավորվեն՝ խորհրդանշելով ֆաշիզմի դեմ տարած միասնական հաղթանակը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am