Կոտայքում շարունակվում են կանանց տոներին նվիրված միջոցառումները

Armenpress 17:13, 27 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի նախաձեռնությամբ կանանց տոնական միամսյակի առթիվ մարզում մեկնարկած միջոցառումների շարքը շարունակվում է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Արամ Հարությունյանը Եղվարդի քաղաքապետարանի նիստերի դահլիճում կազմակերպված հանդիսավոր միջոցառման շրջանակներում տոնական միամսյակի առթիվ շնորհավորել և նվերներ ու ծաղկեփնջեր է հանձնել Եղվարդի տարածաշրջանում բնակվող 7 և ավելի երեխաներ ունեցող կանանց, ինչպես նաև 100 ու ավելի տարիք ունեցող բնակչուհիներին:

Մարզպետ Արամ Հարությունյանը շնորհավորանքի խոսքեր հղելուն զուգահեռ փաստել է, որ նմանատիպ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ և ինչպես դահլիճում հավաքվածները, այնպես էլ մարզի բնակչության ամենատարբեր խավերի ներկայացուցիչները մշտապես գտնվելու են մարզպետարանի հոգածության ներքո:

Հանդիսավոր ընդունելությանը մասնակցող տիկնայք արտահայտել են իրենց գոհունակությունը և կարևորել համանման ձևաչափով միջոցառման կազմակերպումը:

Կանանց տոնական միամսյակի առթիվ կազմակերպված նախաձեռնությանը մասնակցել են նաև Կոտայքի մարզպետարանի ներկայացուցիչներ և Եղվարդի տարածաշրջանի համայնքների ղեկավարներ՝ ովքեր ևս իրենց շնորհավորանքի խոսքն են հղել միջոցառմանը մասնակցող կանանց:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am