Ոչ իշխանական ուժերի սկսած շարժումը դուրս էր եկել քաղաքական պայքարի ձևաչափից. Միքայել Մելքումյան

Armenpress 16:12, 27 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը վստահեցնում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավատարիմ է մնում իր գաղափարներին և ծրագրային դրույթներին: «Իհարկե, նոր քաղաքական իրավիճակ է ստեղծվել, և մենք չենք կարող դրա հետ հաշվի չնստել, բայց դա որևէ կերպ չի նշանակում, որ մեր այն ծրագրերը, այն մոտեցումները, որ ունեցել ենք, փոխվել են: Մենք ունենք մեր մարտավարությունը հստակեցնելու խնդիր, սակայն մեր հիմնական պահանջները մնում են ուժի մեջ՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Մելքումյանը:

Նա շեշտեց, որ ԲՀԿ-ն կարևորում է օրենսդիր աշխատանքը և շարունակելու է ակտիվորեն զբաղվել նաև օրենսդրական գործունեությամբ՝ խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով հանրության համար կարևոր նշանակություն ունեցող օրենսդրական նախաձեռնություններ:

Միքայել Մելքումյանն անդրադարձավ նաև Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումներին, որոնցից հետո երկրում քաղաքական իրավիճակը փոխվեց: «Բնականաբար, ոչ իշխանական ուժերը համախմբվել էին համատեղ ծրագրերի և երկրում համակարգային փոփոխություններ իրականացնելու գաղափարի շուրջ: Դրան նախորդել էր համագործակցությունը խորհրդարանական ձևաչափով, մշակվել էր 12 կետից բաղկացած փաստաթուղթ, որը ներկայացվել էր իշխանություններին: Այնուհետև տեղի ունեցան հոկտեմբերյան հանրահավաքները, ստեղծվեցին համաժողովրդական շտաբներ, պետք է լինեին ավելի լայնամասշտաբ միջոցառումներ: Բնականաբար, իմ կարծիքով, գործընթացները քաղաքական պայքարի ձևաչափից ինչ-որ չափով դուրս եկան: Իսկ եթե դու քաղաքական ուժ ես, պետք է իրականացնես քաղաքական գործունեություն, իսկ եթե դուրս ես գալիս քաղաքական գործունեության, պայքարի ձևաչափից, դու դադարում ես կուսակցություն լինելուց: Հենց  որ առաջնային պատասխանատվության մանդատ ունեցող անձինք զգացին, որ իրավիճակը քաղաքական պայքարի ձևաչափից դուրս  է եկել, կայացվեց հայտնի որոշումը՝ գործընթացները չտանել հետագա սրացման: Այսինքն, եթե դուք հիմա ինձ եք հարցնում, ես կանխատեսել էի, որ մենք կանենք հանրահավաք, կլինի նստացույց ու հետո խնդիրներ կունենանք իրավական ընթացակարգերի շուրջ, ինչպես լինում է ամբողջ աշխարհում: Ժողովուրդը հավաքվում է, ինչ-որ խնդիրներ են ծագում, լինում է ինչ-որ սադրանք, և դրա հետևանքով երկրի ներքին ու արտաքին անվտսնգության նկատառումներով ինչ-որ պատժամիջոցներ են կիրառվում:  Այն մարդիկ, ովքեր պետք է պատասխանատվություն վերցնեին այդ գործընթացները տանելու, չգնացին այդ քայլին: Ոչ թե նրա համար, որ պատրաստ չէին, այլ նրա համար, որ չցանկացան գնալ իրավիճակի սրման, լարվածության կամ արյունահեղության, ինչի արդյունքում էլ մենք այսօր ունենք նոր իրավիճակ»,- եզրափակեց Մելքումյանը:

Թեմային անդրադարձավ նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը, ով ընդգծեց, որ տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ եղել են հայտարարություններ, որոնց ավելացնելու բան իրենք չունեն: Նա նաև կոչ արեց տեղի ունեցածի համար մեղավորներ չփնտրել և չփորձել մեկ ամիս առաջ տեղի ունեցած քաղաքական զարգացումների առումով վերլուծություններ ակնկալել մարդկանցից, ովքեր գտնվում են կիրառական քաղաքականության մեջ և աշխատում են ամենօրյա ռեժիմով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am