ԵՄ-ն պատրաստ է օգնել Հայաստանին` ապահովելու էներգետիկ անվտանգությունը. Հրիստեա

Armenpress 19:04, 16 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միությունը վերահաստատում է իր պատրաստակամությունն օժանդակելու Հայաստանին` էներգետիկ անվտանգությունն ու անկախությունն ամրապնդելու և ապահովելու գործում: ՀՀ կառավարության և Եվրոպական միության միջև երեք փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո հրավիրված ասուլիսում այդ մասին ընդգծեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան:

«ՀՀ կառավարությունում այսօր ստորագրված փաստաթղթերը գերազանց առիթ են ԵՄ-ի համար վերահաստատելու էներգետիկ ոլորտում Հայաստանին օժանդակություն ցուցաբարելու պատրաստակամությունը: ԵՄ-ն պատրաստ է օժանդակելու Հայաստանին`  ապահովելու իր էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը»,- ասաց Հրիստեան`  հիշեցնելով, որ ԵՄ-ն մեր երկրի էներգետիկ ոլորտին սատարում է արդեն մոտ երկու տասնամյակ շարունակ:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ կառավարությունում ստորագրվել է երեք փաստաթուղթ. «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի 10 մլն եվրո ծավալով վարկային համաձայնագիրը, որն ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը, «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, որն ստորագրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ԵՆԲ փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը, KfW զարգացման բանկի էներգետիկայի և տրանսպորտի ծրագրերի ղեկավար Յան Բլումը, ինչպես նաև «Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի հիմնադրամին Հայաստանի անդամակցության մասին» ներդրման համաձայնագիրը: Վերջինն ստորագրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը և ՎԶԵԲ-ի (EBRD) կողմից E5P հիմնադրամի ղեկավար Անդրես Լանդը

Առաջին համաձայնագրով Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) 10 միլիոն եվրոյի չափով ֆինանսավորում է տրամադրում Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի և բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի կառուցման համար: Նոր էներգետիկ ենթակառուցվածքը կխորացնի տարածաշրջանային ինտեգրման գործընթացը` խթանելով երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի առևտուրը, ինչպես նաև Հայաստանին ու Վրաստանին կընձեռի Եվրոպայի էլէկտրաէներգիայի շուկաներ մուտքի ավելի մեծ հնարավորություն: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am