Եվրոպական ներդրումային բանկն էներգախնայողությանն ուղղված ծրագրեր կիրականացնի Հայաստանում

Armenpress 17:14, 9 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերը քննարկելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչները, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել են, որ բանկը Հայաստանում էներգախնայողության վերաբերյալ որոշակի ծրագրեր իրականացնելու նպատակ ունի: Խմբի ղեկավարը նշել է, որ նախկինում Հայաստանի հետ էներգաարդյունավետության կիրառման ոլորտում ունեցած որոշակի նախադեպերի հիման վրա բանկը ցանկանում է քննարկել այդ ծրագրերի շարունակականության վերաբերյալ հարցեր:

ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը, կարևորելով խնդիրը, նշել է, որ արդեն բավական ժամանակ է ինչ ՀՀ-ում շենքերի էներգաարդյունավետության բարձրացման վերաբերյալ հարցերը գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում` միաժամանակ ավելացնելով, որ հանրապետությունում տվյալ ոլորտում աշխատում են տարբեր միջազգային կազմակերպություններ, որոնց հետ ևս քաղաքաշինության նախարարությունը համագործակցում է:

ԵՆ բանկի ներկայացուցիչը նշել է, որ բանկը կարող է հետաքրքիր պայմաններ առաջարկել այդ ոլորտում աջակցություն ցուցաբերելու համար: Մասնագետները ներկայացրել են էներգաարդյունավետության ոլորտում Հայաստանի կարգավիճակում գտնվող այլ երկրների փորձը: Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչները վստահեցրել են, որ ԵՆԲ-ն էներգաարդյունավետության ոլորտում պատրաստ է տրամադրել երկարաժամկետ վարկեր` ցածր տոկոսադրույքներով: ԵՆԲ ներկայացուցիչը նշել է, որ քննարկելով և վերլուծելով Հայաստանում իրականացվելիք ծրագրի ծավալը, կհստակեցվի ներդրումների ծավալը:

Փոխնախարար Արմեն Ղուլարյանը, շնորհակալություն հայտնելով հանդիպման մասնակիցներին, նշել է, որ առաջիկայում նախարարության համապատասխան մասնագետների հետ կքննարկվեն ԵՆԲ-ի կողմից ներկայացված առաջարկները: Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա հանդիպման վերաբերյալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am