Հայաստանը վերահաստատել է ՀՀ-ԵԽ Գործողությունների նոր ծրագրի մշակման անհրաժեշտությունը

Armenpress 20:11, 5 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մարդտի 5-ին կայացել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի հանդիպումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման համանախագահողներն են եղել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և Եվրոպայի խորհրդի Ծրագրերի գլխավոր տնօրինության գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորը: Քննարկումներին իրենց մասնակցությունն են բերել նաև Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը, Գործողությունների ծրագրում ներառված նախագծերին մասնակցող ՀՀ գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչները, ԵԽ Քարտուղարությունում և ԵԽ հայաստանյան գրասենյակում դրանց իրականացման պատասխանատուները:

Հանդիպման ընթացքում ամփոփվել են մարդու իրավունքների, իրավունքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում Հայաստան-Եվրոպայի Խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի կատարման արդյունքները: Հաշվի առնելով ընթացիկ Գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացումը` հայկական կողմի մասնակիցները վերահաստատել են նոր՝ 2015-2017թթ. Գործողությունների ծրագիր մշակելու անհրաժեշտությունը` հաշվի առնելով ՀՀ կառավարության առաջնայնությունների և բարեփոխումների օրակարգը: Այդ առթիվ Եվրոպայի խորհրդի գործընկերներին են ներկայացվել ապագա Գործողությունների ծրագրի գերակա ուղղություններն ու ակնկալվող արդյունքները: 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am