Նրա սերը հայրենիքն էր, սիրո պտուղը՝ հայոց բանակը. Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 56 տարեկան

Armenpress 09:58, 5 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպարապետ Վազգեն Սարգսյանի միակ սերը հայրենիքն էր, սիրո պտուղը՝ հայոց բանակը: Վազգենը խորապես հավատում էր հայ ժողովրդի ուժին, համոզված էր, որ Հայաստանն ունի բավարար «հարստություն», որ դառնա բարգավաճ երկիր և նպատակ էր դրել իրականացնել դա: Վազգենն իր ամբողջ էությամբ հայ էր, հայրենի հողին, ջրին նվիրված: Այսպիսին են հիշում սպարապետ Վազգեն Սարգսյանին նրա մտերիմներն ու ընկերները և վստահ են, որ նա այսպիսին կլիներ նաև այսօր, եթե «հոկտեմբերի 27»-ը չխլեր սպարապետի կյանքը: Այսօր` մարտի 5-ին Վազգեն Սարգսյանը կնշեր իր ծննդան 56 ամյակը:

Հայրենի Արարատում, ծնողների տնից մի քանի մետր հեռավորության վրա է գտնվում Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանը: Սպարապետի զարմուհի Երանուհի Մուսիկյանն է այսօր թանգարանի այցելուներին դիմավորում և պատմում Վազգենի մասին: «Արմենպրես»-ի հետ զրույցում տիկին Երանուհին կիսվեց իր հիշողություններով` ընդգծելով, որ այսօր էլ իր մեջ տպված է Վազգենի կերպարը` որպես կենսախինդ, մարդասեր, նրբանկատ և իր հողն անսահման սիրող մարդ: «Նա շատ հուզական էր, թեև կողքից թվում էր կոպիտ և ուժեղ, սակայն շատ հուզական էր: Միշտ ասում էր. «Վախենում եմ` մարդիկ չհասցնեն ինձ լավ ճանաչել»: Եվ ճիշտ էր ասում: Նա ոչինչ հենց այնպես չէր անում, ամեն ինչին մոտենում էր նվիրումով ու պարտավորվածությամբ»,- հիշում է տիկին Երանուհին:

«Նրա կյանքի բոլոր ժամանակահատվածներում մտերիմ ենք եղել: Միասին շատ էինք երգում, բոլորս` հարազատներով, երաժշտական մարդիկ էինք: Մեր հավաքների ժամանակ կարծես կենդանի նվագախումբ լինեինք, ժողովրդական երգեր էինք երգում: Վազգենը սիրում էր Շերամի երգերը, գիտեր նաև բոլոր ազգագրական երգերը, բայց սիրում էր «Մանկությունս հետ բերեք» երգը: Առանձնահատուկ սիրում էր իր մայրիկի` տիկին Գրետայի երգերը»,- պատմում է տիկին Երանուհին և հավելում, որ Վազգենի հետ հատկապես հետաքրքիր էին անցնում Նոր տարվա տոները. «Նա մեծ եղևնի էր ուղարկում տուն և ինքն էլ գալիս, փողոցի երեխաների թաթիկները բռնում` շուրջպար էին կազմում եղևնու մոտ: Սիրում էր իր հայրական տունը, փողոցը »:

Տիկին Երանուհին նաև հիշում է, որ Վազգենը թույլ չէր տալիս իրեն պաշտոնով դիմել: «Միշտ կրկնում էր` «ես Վազգենն եմ, ձեր նույն Վազգենը»: Միայն աշխատանքում էր նա պարոն նախարար»,-նշում է սպարապետի զարմուհին: Նրա խոսքով` այսօր էլ սպարապետի տուն-թանգարանը այցելուների պակաս չունի. տարեկան 25-30 հազար մարդ է այցելում թանգարան: «Հատկապես շատ են այցելուները նրա ծննդյան օրերին, հոկտեմբերի 27-ին, ինչպես նաև տոնական բոլոր օրերին, չնայած Երևանից հեռու ենք, սակայն մարդիկ գալիս են այստեղ»,- հավելեց նա:

«Ինձ ժողովուրդը չի ճանաչում: Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա եղած կերպարը դա է»,- ինքն իր մասին ասել է սպարապետը:

Վազգեն Սարգսյանի ընկեր Վահան Շիրխանյանն էլ հիշում է, որ նա շատ զբաղված մարդ էր, և գործնականից դուրս պետք է շատ ազատ լիներ, որ գնար ֆուտբոլ խաղալու: «Ժամանակն էր այդպիսին, հասցնում էինք խոսել միայն գործի մասին, ունենիք ընդհանուր նպատակներ: Բանակին, անձնակազմին վերաբերող թեմաներով էինք խոում և ժամանակ էլ չկար այլ բաների համար: Լինում էր, որ Վազգենն ասում էր` «գնանք մի տեղ հաց ուտենք», իսկ նրա հաց ուտելը նշանակում էր դուրս գալ քաղաքից, ինչ-որ տեղ այգում նստել և ուտել հաց, պանիր և կանաչի: Սովորաբար նստում էինք Գառնու ճանապարհին` քարերի վրա, բնությանը մոտ»,- պատմում է Շիրխանյանը: Նրա հիշողություններում Վազգեն Սարգսյանը մնացել է որպես իր գործին անչափ նվիրված և ամբողջ էությամբ հայ մարդ:

«Ինձ չեն հասկանում: Ինձնից վախենում են: Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են: Մեկ-մեկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի, ժամանակ չեմ ունենա, ցանկություն չեմ ունենա, չգիտեմ էլ ինչ չեմ ունենա ժողովրդին ասելու` այ ժողովուրդ, իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար… ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես հայ եմ, ես… Չեն հասկանա: Դրա համար էլ չեմ ասում: Ամեն մարդ ինքն իր առաջ պիտի պատասխան տա'`ո՞վ է ինքը…»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am