Ապրիլին հանուն արդարության երթ կկազմակերպվի Լոս Անջելեսում

Armenpress 15:09, 28 Փետրվար, 2015

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին «Երթ հանուն արդարության» խորագրով երթ կկազմակերպվի ԱՄՆ հայաշատ Լոս Անջելես քաղաքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, երթը կմեկնարկի ապրիլի 24-ին «Լիթլ Արմենիա»  թաղամասից: Այդ շրջանը ներկայացնող քաղաքային խորհրդի անդամ Միթչ Օ’ Ֆարելը միջնորդություն է ներկայացրել Հայոց ցեղասպանությանը նվիրված 50 ցուցապաստառներ փակցնել երթուղով, որով պետք է անցնեն ակցիայի մասնակիցները:

Սակայն այսքանով Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչման արարողությունները չեն սահմանափակվում: Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի առաջին ամերիկահայ անդամ Փոլ Գրիգորյանի հովանու ներքո` «Ամերիկա, մենք շնորհակալ ենք» խորագրով միջոցառում տեղի կունենա Լոս Անջելեսի կենտրոնական գրադարանումˋ նվիրված «Մերձավոր Արևելքի Նպաստամատույցին», որի շնորհիվ բազմաթիվ հայեր են փրկվել Հայոց ցեղասպանության տարիներին: Ապրիլին քաղաքային ավտոբուսների վրա կփակցվեն հարյուրերորդ տարելիցին նվիրված արվեստի մրցույթի հաղթողների աշխատանքները: Քաղաքի այգիներում կտնկվի 100 նռնենի:

«Այս կերպ Լոս Անջելեսն աննախադեպ հանձնառություն է ցուցաբերում մեր համայնքինˋ պատմելով մեր պատմությունը: Ես հպարտ եմ, որ օգնել եմ այս ամենն իրականացնել»,- ասել է Գրիգորյանը:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am