Քաղաքացին խաբեությամբ 2.535.000 ՀՀ դրամի շինանյութ է հափշտակել

Armenpress 15:24, 27 Փետրվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է շինարարական խանութից խաբեությամբ խոշոր չափերի հասնող շինարարական նյութեր հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, առերևույթ հանցագործություն կատարած անձն այցելել է շինանյութերի վաճառքով զբաղվող ընկերության՝ երկու տարբեր հասցեներում գործող խանութներ և, ներկայանալով մի դեպքում որպես բանկի շինարարության գծով պատասխանատու, իսկ մյուս դեպքում՝ ընկերության մատակարար, խանութների աշխատակիցների վստահությունը չարաշահելով՝ հափշտակել է ընդհանուր առմամբ 2.535.000 ՀՀ դրամի շինանյութ: 

Նախաքննության ընթացքում ստացվել է ընկերությանը պատկանող խանութների անվտանգության տեսախցիկների տեսագրությունը, որտեղ երևում է շինանյութերը ձեռք բերած անձը։ Ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, կարող են հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am