ԵԱՀԿ-ի և ՀՀ ոստիկանության գործընկերությունը կխորանա տարբեր ուղղություններով

Armenpress 18:33, 26 Փետրվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը փետրվարի 26-ին ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է ոստիկանության բարեփոխումների երկրորդ փուլի խնդիրներին՝ նշելով, որ նախորդ երեք տարիներին այդ ուղղությամբ դրական արդյունքներ են արձանագրվել նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ սերտ գործընկերության շնորհիվ: Արդյունավետ է եղել համագործակցությունը մասնավորապես համայնքային ոստիկանության մոդելի ներդրման, ոստիկանության անձնակազմի ֆիզիկական պատրաստականության բարելավման, անդրազգային և կիբերհանցավորության դեմ պայքարի ու մի շարք այլ ուղղություններով:

Անդրեյ Սորոկինը կարևորել է փոխգործակցության բարձր մակարդակը և հավաստիացրել, որ գործընկերությունը շարունակվելու և խորանալու է ինչպես արդեն ավանդական, այնպես էլ նոր ոլորտներում, որոնք Հայաստանի ոստիկանության բարեփոխման և համատեղ ծրագրերի իրականացման համատեքստում են:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am