ԱԺ-ում կայացել է Կորյուն Առաքելյանի «Մի աշխարհ՝ սրտիս չափով» խորագրով ժողովածուի շնորհանդեսը

Armenpress 17:01, 26 Փետրվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում փետրվարի 26-ին տեղի է ունեցել բանաստեղծ Կորյուն Առաքելյանի «Մի աշխարհ՝ սրտիս չափով» խորագրով հերթական ժողովածուի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, արվեստի գործիչներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, շնորհանդեսին ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահը, ով իր խոսքում, մասնավորապես, ասել է.

«Հարգելի բարեկամներ, Ազգային ժողովի մշակութային կյանքն այսօր ներկայանում է բանաստեղծական մի ժողովածուի շնորհանդեսով, որի հեղինակը Հայաստանի գրողների ու ժուռնալիստների միության անդամ Կորյուն Առաքելյանն է: Կորյուն Առաքելյանը ոչ երիտասարդ քաղաքական գործիչ է, ոչ էլ երիտասարդ բանաստեղծ, ընդ որում՝ խոսքը երկու դեպքում էլ վերաբերում է ոչ թե տարիքին, այլ փորձառությանն ու անցած ճանապարհին: Ընդհակառակը, երկու դեպքում էլ հասունությունն ակնհայտ է:

Հետաքրքիր է, որ Կորյուն Առաքելյանի պարագայում այս երկուսն ընթացել են զուգահեռաբար: Բարեբախտաբար, այդ համընթաց շարժումից չեն տուժել ոչ նրա քաղաքական գործունեությունը, ոչ էլ նրա ստեղծած պոեզիան: Ահավասիկ, դրա վկայությունն է Կորյուն Առաքելյանի հերթական ժողովածուն «Մի աշխարհ՝ սրտիս չափով» խորագրով: Կարծում եմ՝ ձեզնից յուրաքանչյուրն այնտեղ կգտնի իրեն հոգեհարազատ նվազագույնը մեկ տող՝ դրանով իսկ մասնակիցը դառնալով այն ամենին, ինչ տեղի է ունենում բանաստեղծի աշխարհում, այդ աշխարհն զգալով եւ՛ նրա սրտի չափով, եւ՛ նրա խոհերի ու զգացմունքների միջոցով:

Թույլ տվեք շնորհավորել Կորյուն Առաքելյանին հերթական բանաստեղծական ժողովածուի հրատարակման առիթով եւ մաղթել ստեղծագործական անսպառ եռանդ ու շարունակելի շնորհանդեսներ»:

Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել նաեւ արվեստագետներ, ովքեր, շնորհավորելով Կորյուն Առաքելյանին «Մի աշխարհ՝ սրտիս չափով» գրքի լույսընծայման կապակցությամբ, մաղթել են նրան ստեղծագործական անվերջանալի ճանապարհ: Ներկաները նշել են, որ թվով վեցերորդ ժողովածուի մեջ հեղինակը ներկայացրել է իր հույզերը, նվիրական կարոտը, հարազատ զգացումները, հոգեվիճակն ու ապրումները: Նրանք վստահեցրել են, որ Կորյուն Առաքելյանը կայացած բանաստեղծ է, ով գրական անդաստանում ունի իր ուրույն տեղը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am